ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ:
Նախարար Արտեմ Ասատրյանը նախ շնորհակալություն է հայտնել տնօրեններին և ՊՈԱԿ-ների աշխատակիցներին ապրիլյան իրադարձությունների ժամանակ միահամուռ ուժերով մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար, նշելով՝ «Քառօրյա պատերազմը համախմբեց աշխարհասփյուռ մեր հայությանը, և ես շնորհակալ եմ համակարգի բոլոր աշխատակցիներից, ովքեր այդ ծանր ժամանակահատվածում իրենց, նույնիսկ, փոքր ներդրումով աջակցել են մեր հայրենակիցներին, մեր սահմանը պահող զինվորներին»:
Անդրադառնալով հանդիպման հիմնական թեմային՝ ՊՈԱԿ-ների աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, նախարարը խոսել է ՊՈԱԿ-ներում աշխատանքների արդյունավետության, մասնավորապես՝ ծախսարդյունավետության բարձրացման մասին:
«Յուրաքանչյուրս պետք է բյուջեի և ոչ պետական կառույցների ու բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում տրամադրվող աջակցությունների միջոցով բարձրացնենք աշխատանքների արդյունավետությունն ու հասցեականությունը: Մենք պետք է մեր ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում կարողանանք ապահովել որակյալ ծառայություններ»,-իր խոսքում նշել է նախարարը:
Այնուհետև նախարարն անդրադարձել է հաստատություններում խնայողական ռեժիմի, մասնավորապես՝ ավտոմեքենաների կրճատման, կոմունալ ծախսերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը:
Կարևորելով ՊՈԱԿ-ներում գնումների գործընթացը՝ նախարարը նշել է, որ վերջին տարիներին իրականացվել են հետևողական աշխատանքներ, սակայն դրանց արդյունքները լիարժեք գոհացուցիչ լինելու համար դեռևս լրացուցիչ ջանքեր են պահանջում:
«Բոլոր ՊՈԱԿ-ներում պետք է բարձրացնել անձնական պատասխանատվության մակարդակը` խորացնելով հսկողությունը մատակարարվող ապրանքների որակի և տեխնիկական բնութագրերին համապատասխանության նկատմամբ»-ասել է նախարարը:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՊՈԱԿ-ների աշխատակիցների վերապատրաստման հարցը, սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերի մշակման գործընթացը:
Բարձրացված խնդիրների լուծման համար տրվել են համապատասխան հանձնարարականներ: