ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 19.05.2016թ. հերթական նիստում հավանության է արժանացել ԵԽ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի հերթական ազգային զեկույցը:
Անդամակցելով Եվրոպայի Խորհրդին` Հայաստանի Հանրապետությունը 2001թ. ստորագրել, իսկ 2004թ. վավերացրել է վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան:
Վերանայված Խարտիան ունի 31 hոդված` 98 պարագրաֆով: Հայաստանը վավերացրել է 20 hոդվածի 67 պարագրաֆ:
Յուրաքանչյուր տարի անդամ պետությունները պարտավորվում են ներկայացնել Խարտիայի կիրարկման վերաբերյալ ազգային զեկույց` համաձայն ԵԽ կողմից հաստատված կանոնակարգի, ժամանակացույցի և հաշվետու ժամանակահատվածի: Յուրաքանչյուր տարի հաշվետվություն է ներկայացվում հոդվածների միայն մի խմբի վերաբերյալ /ոչ բոլոր հոդվածներով/, որը ևս սահմանված է ԵԽ կողմից:
Խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունն իրականացնում է Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեն, որն ազգային զեկույցների հիման վրա տալիս է իր եզրակացությունները` ազգային օրենսդրության և Խարտիայի դրույթների համապատասխանության վերաբերյալ:
Այս տարի զեկույցը ներկայացվում է 1, 15, 18, 20, 24 հոդվածներով, որոնք դասվում են «Զբաղվածություն, ուսուցում և հավասար հնարավորություններ» խմբին:
Համաձայն ԵԽ ընթացակարգի` զեկույցը ներառում է նաև 2, 5, 6, 22, 28-րդ հոդվածների վերաբերյալ Սոցիալական իրավունքի Եվրոպական կոմիտեի հարցադրումների առնչությամբ լրացուցիչ տեղեկատվություն:
Զեկույցը ներկայացվում է 2011-2014թթ. ժամանակահատվածի համար` ըստ ԵԽ սահմանած ժամանակացույցի: Զեկույցը ներառում է տեղեկատվություն նշյալ ժամանակահատվածում կատարված բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի 2012թ. եզրակացությունների հետ կապված:
Զեկույցը պատրաստվել է ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 23-ի 1483-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգին» համապատասխան:
Զեկույցի պատրաստման աշխատանքներին մասնակցել են` ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության, ՀՀ առողջապահության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՀՀ դատական դեպարտամենտը և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, որոնց կողմից տրամադրված տեղեկատվությունը ներառվել է զեկույցում, իսկ ներկայացված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները հաշվի են առնվել: