Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին

0
86

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն  ընդունել է  ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի խորհրդարանական  հանձնաժողովի անդամ  Ալբերտ Վայլերին:

Ալբերտ Վայլերը  շնորհակալություն է հայտնել   փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ  համատեղ քննարկման հնարավորության համար և հետաքրքրվել Հայաստանում գործազրկության նվազեցման ուղղությամբ տարվող ծրագրերից:

Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է  աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող լայնածավալ  բարեփոխումները՝ մասնավորապես  զբաղվածության ոլորտի  ծրագրերը: Նախարարը խոսել է  զբաղվածության  14 ակտիվ ծրագրերի մասին,  որոնց նպատակը անապահով ընտանիքներում աշխատունակ անձանց աշխատանքային եկամտի ապահովումն է:

«Այս ծրագրերի  արդյունավետությունը գնահատելու համար  գործում է նաև մոնիթորինգի և գնահատման համակարգ, ինչը թույլ  կտա հասկանալ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները»,-նշել է նախարարը:

Անդրադարձ է կատարվել մասնագիտական ուսուցման և վերապատրաստման  ծրագրերին, որոնք հնարավորություն են տալիս աշխատաշուկայում անմրցունակ անձանց հմտանալ իրենց մասնագիտության մեջ և բարձրացնել աշխատանք գտնելու հնարավորությունը:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև հնարավոր համագործակցության շրջանակները  և երկուստեք  կարևորվել են սոցիալական ոլորտում փորձի փոխանակումը:

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել Ալբերտ Վայլերին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու և ցեղասպանությունների կանխարգելման պայքարին միանալու համար: