ՀՀ կառավարության 12.05.2016թ. հերթական նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
Խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքերի պաշտպանության բաժինների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների/բաժինների, կողմից ամբողջությամբ չի իրականացվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների անհատական և այլընտրանքային խնամքի տրամադրման կարիքների գնահատումը, ինչի արդյունքում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, շատ հաճախ, միանգամից ուղեգրվում են խնամքի շուրջօրյա հաստատություններ:
Նախագծի ընդունմամբ՝ կսահմանվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների` այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները, նախապատվությունը տալով խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը/հոգաբարձությանը, խնամատար ընտանիքին և միայն դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում երեխայի տեղավորմանը, երեխայի խնամքի ու պաշտպանության իրավասություն ունեցող մարմինների համար պարտադիր կատարման ենթակա գործառույթ կդառնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կյանքի պայմանների համակողմանի և խորը ուսումնասիրությունը և երեխայի համար այլընտրանքային խնամքի բոլոր տեսակների նպատակահարմարության մասին հիմնավոր եզրակացության կազմումը, հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ, կիրականացվեն համակողմանի և շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: