Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Եռատոնի կապակցությամբ

0
105

Սիրելի հայրենակիցներ, Հայրենական Մեծ պատերազմի սիրելի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսյան Եռատոնի կապակցությամբ: Այս օրը խորհրդանշում է հայ ժողովրդի մի քանի սերունդների փառահեղ հաղթանակները: Ժողովուրդ, որի ավագ սերունդն իր աննկարագրելի ավանդն ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի կերտման գործում, իսկ հաջորդող սերունդները կարողացան դիմակայել մի քանի անգամ գերազանցող թշնամուն ու իրենց հաղթանակով վերանվաճել հայրենիքում ապրելու իրենց իրավունքը:

Արցախի Պաշտպանության բանակում այսօր էլ ծառայություն իրականացնող երիտասարդ սերունդն է իր բարձր մարտական պատրաստականությամբ ամեն օր ապացուցում իր հաղթանակած պապերի ու հայրերի արժանի հետնորդ լինելը:

Խոնարհվում ենք Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի մասնակիցների և վետերանների առջև, ովքեր իրենց կյանքի գնով, անձնուրաց նվիրվածությամբ և սխրագործությամբ հաղթանակներ կերտեցին և մեզ խաղաղ ապրելու իրավունք պարգևեցին:

Արժանին ենք մատուցում նաև Պաշտպանության բանակի մարտիկներին, ովքեր ոչ պակաս նվիրվածությամբ ու սխրագործություններով այսօր էլ ապահովում են հայկական Զինված ուժերի հաղթական ընթացքը:

Կրկին շնորհավորելով մեր հայրենակիցներին Մեծ Հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության Բանակի կազմավորման առթիվ՝ մաղթում եմ բոլորիս նորանոր հաղթանակներ և խաղաղություն: