Քննարկվել են բնակչության ծերացման հիմնախնդիրները

0
132

Մայիսի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է  ունեցել  «Բնակչության ծերացման հետևվանքներից բխող հիմնա­խնդիր­ների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ու ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի» կատարումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի նիստը նախագահում էր նախարարի տեղակալ տիկին Բաղդասարյանը, նիստի ժամանակ նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար անհրաժեշտ  նվազագույն  չափորոշիչները  հաստատելու մասին»  ՀՀ կառավարության  որոշման  նախագիծը, որը մշակվել է նախարարության կողմից և նպատակ ունի բարձրացնել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի ծառայությունների որակը և արդյունավետությունը:

Այնուհետև, Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները՝ ներկայացրել են Շիրակի և Լոռու մարզերում  Շվեյցարական Կարմիր խաչի կողմից իրականացվող «Տնային խնամք»   ծրագիրը, որն ըստ բանախոսների, նոր խոսք է տարեցների խնամքի բնագավառում՝ նոր մոդելի ներդրում   Հայաստանում:

Հանձնաժողովի  նիստում քննարկվել են  նաև «Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական պաշտպանությամբ և խնամքի տրամադրմամբ զբաղվող կառույցների միջև փոխըմբռնման» հուշագրի շրջանակներում ստեղծված տարեցների սոցիալական պաշտպանության ցանցի առաջիկա անելիքները:

Հանձնաժողովի նախագահ Ջեմմա Բաղդասարյանը նշել է նաև, որ այս տարին Ռազմավարության գործողությունների ծրագրի վերջին՝ ամփոփիչ տարին է և նախատեսվում է աշնանը կազմակերպել միջազգային գիտաժողով, որտեղ կներկայացվեն Հայաստանի ձեռբերումներն ու  կատարած աշխատանքները ծերացման  հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության  բնագավառում: Այն կդառնա մի յուրօրինակ հաշվետվություն բոլորիս համար:

Միջգերատեսչական հանձնաժողով գործունեության նպատակն է վերհանել տարեցների հիմնախնդիրները և առաջարկել համապատասխան լուծումներ, ինչպես նաև ներկայացնել այն միջոցառումներն ու ծրագրերը, որոնք իրականացվում են տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների կողմից՝ տարեցների սոցիալական պաշտպանության և նրանց կյանքի որակի բարելավման ուղղությամբ: