Ամրապնդվում են միջգերատեսչական սոցիալական համագործակցության հիմքերը

0
123

Միջգերատեսչական սոցիալական համագործակցության հիմքերը զարգացնելու և ամրապնդելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ապրիլի 8-ին պետական մարմինների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր աշխատանքային քննարկում: Հանդիպման նպատակն էր ներկայացնել Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգն իր մեխանիզմներով ու մոտեցումներով:

Վերջին տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ են կատարվել սոցիալական պաշտպանության ոլորտում՝ քաղաքականության և ռազմավարական մակարդակներում և արդեն չորրոդ տարին է, ինչ նախարարությունը ձեռնամուխ է եղել սոցիալական ծառայություների մատուցման կամ սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում լուրջ փոփոխությունների իրագործմանը: Մասնավորապես, ինտեգրված սոցիալական ծառայություների ներդրումն, որն իրենից ենթադրում է մեկ պատուհանից սպասարկում, ծառայությունների մատուցում, բոլոր ծառայությունների սոցիալական մեկ ծածկի տակ հավաքագրում, ծառայություններին միտված փիլիսոփայության փոփոխություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի հավաստմամբ` այս ժամանակահատվածում ստեղծվել են 18 ինտեգրված սոցիալական ծառայություններ մատուցող կենտրոններ՝ անհրաժեշտ տեխնիկական ապահովվածությամբ, վերանորոգված, համպատասխան մասնագետների առկայությամբ: «Իհարկե գլխավոր նպատակի լիարժեք իրագործմանը դեռ չենք հասել, քանի որ այն ժամանակ ու մեծ գործընթացներ է պահանջում: Կարևորը փոխվել են մոտեցումները. եթե նախկինում մենք սոցիալական աջակցությունը տրամադրում էինք մարդու, դիմողի սոցիալական պահանջմունքներին համապատասխան, ապա հիմա այլ ճանապարհ ենք ընտրել՝ մարդու բուն կարիքների վերհանման, գնահատման արդյունքում նրան տրամադրել հասցեական աջակցություն: Մենք ներդրել ենք սոցիալական աշխատողի, սոցիալական աշխատանքի ինստիտուտը, որը շատ դժվար ու բարդ պրոցես է: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, սոցիալական խմբին օգնելու համար անհրաժեշտ է համախմբել հասարակության ողջ ներուժը»,-իր խոսքում նշել է նախարարի առաջին տեղակալը:

Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, որի նպատակն է հայտնաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց /ընտանիքների/, կազմել ու իրականացնել  անհատական սոցիալական ծրագրեր և ապահովել շարունակական հսկողություն: Մասնակիցները տեղեկացվել են նաև կանոնակարգով սահմանված պետական մարմինների իրավունքներին ու պարտավորություններին, հիմնական խնդրահարույց դեպքերին, համագործակցության ձևերին: Ըստ բանախոսի՝ պետական աշխատողն ու սոցիալական աշխատողը քաղաքացու համար ծառայությունների տրամադրման համակարգման գործընթացն ապահովողն են, այլ ոչ թե ծառայություն տրամադրողը:

Ներկայացված ու քննարկված հարցերի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ազգային կամ հանրապետական մակարդակում սոցիալական համագործակցության պայմանագրի կնքում, որը դառնալով կարևորագույն գործիքներից մեկը, հնարավորություն կտա մեկտեղել պետական և ոչ պետական մարմինների կարողություններն ու ներուժը, ծառայելով մարդու խնդիրների լուծմանը:

Հանդիպմանը ներկա են եղել ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության, սպորտի և երիտասարդության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից: