ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը ապրիլի 7-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամներին: Պատվիրակության կազմում էին Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի Խորհրդի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչները:
Ողջունելով պատվարժան հյուրերին՝ տիկին Բաղդասարյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես, տարեցների, հաշմանդամների, զբաղվածության, սոցիալական աջակցության, երեխաների իրավունքների ոլորտներում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները: «Կարող եմ վստահեցնել, որ ՀՀ օրենսդրությունը որևէ խտրականություն կամ տարբերություն չի դնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: Նրանք ընդգրկված են բոլոր ոլորտներում և իրացնում են իրենց իրավունքները հավասարության սկզբունքով»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալը:
Պատվիրակության անդամներին հիմնականում հետաքրքրում էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը աշխատաշուկայի, զբաղվածության, ընտանեկան նպաստների տրամադրման բնագավառներում:
Նախարարության համապատասխան վարչությունների ներկայացուցիչները պարզաբանումներ են տվել բարձրաձայնված հարցերի շուրջ և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ևս իրենց ինքնության պահպանման և իրավունքների իրացման գործընթացում որևէ խտրականության չեն հանդիպում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված հարցերի վերաբերյալ ներկայացնել առավել մանրամասն տեղեկատվություն:
Հանդիպմանը ներկա էին նախարարության սոցիալական աջակցության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունների ներկայացուցիչները:
Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպայի Խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի անդամ պետություն, կատարելով իր պարտավորությունը, կոնվենցիայի համաձայն գործող մոնիթորինգային մարմնին՝ Խորհրդատվական կոմիտեին, պարբերաբար ներկայացնում է զեկույց Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ: