ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը ս.թ. նոյեմբերի 7-ին Ղազախստանի հանրապետության մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 27-րդ նիստի աշխատանքներին:
Նիստի ընթացքում մասնավորապես քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում աշխատանքային միգրանտների էլեկտրոնային քարտերի ներդրման, հասցեական սոցիալական օգնության տրամադրման գործընթացի և զարգացման միտումներին վերաբերող, հաշմանդամների սոցիալական պաշտպանության և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում օրենսդրության կատարելագործման հարցեր: Ընդունվել են համապատասխան որոշումներ, կազմվել է արձանագրություն:
Նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը նիստին ներկայացրել է Հայաստանում սոցիալ–աշխատանքային իրավիճակը և այդ հարաբերությունները կարգավորող առանձին դրույթներ, խոսել է պետական աշխատողների սոցիալական վիճակի բարելավման նպատակով սոցիալական փաթեթի ներդրման, 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ պետական համակարգում վարձատրության միասնական համակարգի և 2012 թվականից պետական կառավարման ոլորտում աշխատանքի նորմավորման համակարգի ներդրման մասին:
ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 27-րդ նիստին մասնակցել են Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման, Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարները, Հայաստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Տաջիկստանի համապատասխան նախարարների տեղակալները: