Նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Մենք միասին ենք» խորագիրը կրող համաժողովը, որը նվիրված էր սոցիալական աշխատողի օրվան ու սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 10-ամյակին։
Մինչ համաժողովի հանդիսավոր բացումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շրջեցին սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների գործունեությունը ներկայացնող տաղավաներով։ Միջոցառումն ուներ ավելի քան 600 մասնակից, իսկ ցուցահանդեսային հատվածին մասնակցության հայտ էր ներկայացրել 30 հասարակական և 8 միջազգային կազմակերպություն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Զբաղվածության պետական գործակալությունը, Սոցիալական ապահովության ծառայությունը, «Նորք» տեղեկատվական կենտրոնը և ԿՀԻԿ հիմնադրամը նույնպես տաղավարներում ներկայացրել էին ոլորտում իրականացրած աշխատանքները:
Հանրությանը տարբեր սոցիալական ծառայություններ մատուցող ավելի քան 40 կազմակերպություններ տաղավարների միջոցով ներկայացրեցին իրենց հիմնական գործունեությունը, թեժ գծերը, որոնց միջոցով արագ արձագանքում են իրենց դիմող մարդկանց կանչին, ինչպես նաև ցուցադրեցին նախկինում իրականացրած ծրագրերի արդյունքները։ Այդպիսով, սոցիալական ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր կառույցները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում առավել համակարգված և միասնական աջակցություն ցուցաբերել սոցիալական աշխատողին՝ հանրությանը բարձր որակի ծառայություններ մատուցելու գործում։
«Սոցիալական աշխատողները մեր երկրում կարևոր առաքելություն են իրականացնում, ինչը պահանջում է մեծ կազմակերպվածություն, ջանքերի կենտրոնացում, երբեմն նաև գերլարում, հատկապես, երբ գործ ունեն բնակչության առավել խոցելի շերտերի հետ: Դրան զուգընթաց այն պահանջում է նաև մարդկանց իրավունքների հանդեպ հարգանքի և հումանիզմի սկզբունքների վրա հիմնված հատուկ վերաբերմունք, ես կասեի՝ սրտացավ մոտեցում»,-համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ նշեց վարչապետը՝ վստահեցնելով, որ սոցիալական ոլորտի զարգացմանն ու հետագա կատարելագործմանն առնչվող խնդիրները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու:
Նախարար Արտեմ Ասատրյանը նույնպես շնորհավորեց ոլորտի պատասխանատուներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում պատասխանատվություն ունեն փոխել մարդկանց կյանքը: «Բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ կրթում ու աճեցնում են սոցիալական աշխատողներ մեր երկրի համար և բոլոր նրանց, ովքեր ոչ-պետական ֆինանսավորմամբ բարեգործական-հասարակական, եկեղեցու սոցիալական ծառայություններում պետությանն աջակից են լինեում՝ լուծելու, մեղմելու բազմաթիվ սոցիալական խնդիրներ մեր երկրում»,-իր խոսքում նշեց նախարարը:
Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորեց նաև Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ղեկավարությանը 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք և հաջողություններ:
2014 թվականի ընթացքում սոցիալական ոլորտում նկատելի ավանդ ունեցած մարդիկ թե′ պետական, և թե′ հասարակական սեկտորից, վարչապետից և նախարարից պարգևներ, պատվոգրեր և նվերներ ստացան։ Համաժողովին տոնական տրամադրություն ապահովեցին ԵՊՀ ուսանողները՝ «Հպարտ եմ, որ սոցիալական աշխատող եմ» ֆլեշ-մոբի միջոցով։
Համաժողովը հանդիասովոր հատվածից բացի ուներ նաև գիտագործնական մաս. «Դեպի սոցիալական աշխատանքի ծառայություններ ՀՀ-ում» կոնֆերանսի ընթացքում ոլորտի մասնագետները հնարավորություն ունեցան քննարկելու իրենց գործունեության հետ կապված խնդիրները և հանդես եկան առաջարկություններով։
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Երևանի պետական համալսարանը՝ USAID/PRIP ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի և ԿՀԻԿ հիմնադրամի ակտիվ աջակցությամբ։