Քննարկվել են անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի խնդիրները

0
159

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի գլխավորությամբ մայիսի 5-ին «Հանս Քրիստիան Կոֆոեդ» անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի անդրանիկ նիստը:

Աշխատանքային քննարկումն սկսելուց առաջ հանձնաժողովի անդամները  շրջել են կացարանի մասնաշենքում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել պայմաններին:

Խոսելով շրջայցի ընթացքում և նախապես տնօրինության կողմից արձանագրած խնդիրների մասին՝ տիկին Բաղդասարյանը նշել է, որ կենտրոնի գլխավոր նպատակն է 90 օրվա ընթացքում աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքների և համապատասխան ծառայությունների միջոցով աջակցել բնակիչների խնդիրների լուծմանը:

Հաստատությունում հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն շահառուների փաստաթղթերի ձևակերպման, փողոցում հայտնված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, կենտրոնում երկար ժամանակ ապրող անձանց, անհրաժեշտ դեղորայքի ապահովման, ինչպես նաև առանձնացված սենյակի /մեկուսարանի/ ստեղծման խնդիրները: Մանրամասնորեն քննարկելով ի հայտ եկած յուրաքանչյուր հարց՝ հանձնաժողովի անդամները ոչ միայն առաջարկություններ են ներկայացրել, այլև տեղում լուծում են տվել մի շարք կարևոր խնդիրների:

«Ես վստահ եմ, որ մեր արդյունավետ համագործակցության ու գործի նկատմամբ ցուցաբերած սրտացավության արդյունքում կկարողանանք լուծել կենտրոնում հայտնված մարդկանց խնդիրները և ապահովել նրանց վերադարձը լիարժեք կյանք: Միաժամանակ, շնորհակալ եմ իմ գործընկերներին պատրաստակամության և անհրաժեշտ օժանդակության համար»,- իր խոսքում ընդգծել է տիկին Բաղդասարյանը:

2014թ. հունվարի 1-ից անօթևան մարդկանց ժաանակավոր կացարանի գործունեության ծրագիրն իրականացվում է դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հասարակական կազմակերպության կողմից: Նախարարության հետ համագործակցելով և ստանալով համապատասխան սուբսիդիա, կազմակերպությունը իրականացնում է կենտրոնի աշխատանքները:

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ առողջապահության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, նախարարության պատասխանատուները:

Հանդիպման ավարտին հստակեցվել են յուրաքանչյուր պետական մարմնի անելիքները, տրվել են համապատասխան հանձնարարականներ: