ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 30.06.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23 ի N 1456-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Որոշմամբ հստակեցվում է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի մահվան պատճառական կապը սահմանելու ընթացակարգը:
Համաձայն ընդունված որոշման` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի մահվան պատճառական կապի սահմանելիս հիմք կընդունվեն նաև զինվորական ծառայողական պարտականությունները 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը 30 կմ գոտում կատարելու ընթացքում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հիվանդություն ձեռք բերած անձանց մահվան պատճառական կապը հաստատող զինվորական կոմիսարիատի կողմից տրված տեղեկանքը` զինվորական ծառայողական պարտականությունները 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը 30 կմ գոտում կատարելու վերաբերյալ և բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտի տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը:
Այսպիսով կապահովվի նաև նշված փաստաթղթերի հիման վրա նախկինում կենսաթոշակ նշանակելու և վճարելու իրավաչափությունը: