Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մասնկացությամբ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բակային տարածքում Ցեղասպանության 100-ամյա տարելիցը խորհրդանշող 100 ծառ տնկվեց:
«Այսօր օգտվելով համաքաղաքային շաբաթօրյակի ընձեռած հնարավորությունից՝ որոշեցինք մեր տուն ինտերնատում բնակվող տարեցների հետ միասին ծառատունկ իրականացնել և մեր փոքրիկ ներդրումը ունենալ մեր տատիկների և պապիկների բացօթյա խնամքի պայմանների բարեկարգման գործում: Եվ քանի որ այս տարի նշվում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, նաև խոհրդանշական առումով տնկեցինք 100 ծառ, որպես հիշողության և հարգանքի տուրք մեր անմեղ զոհերի հիշատակին»,-ասել է նախարարը:
Հարցին, թե ինչ է խորհրդանշում նախարարի տնկած ծառը, Արտեմ Ասատրյանը նշեց, որ ծառը կյանք է, պայքար, հարատևություն:
Այցի շրջանակներում նախարար Արտեմ Ասատրյանը ծանոթացել է նաև տուն-ինտերնատին կից անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների համար կառուցվող մասնաշենքի շինարարական աշխատանքներին:
«Շինարարական աշխատանքները սկսել են անցյալ տարի մայիս ամսից՝ Քուվեյթի պետության դրամաշնորհային ծրագրով: Մասնաշենքը նախատեսված է անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների համար, որոնք մեր տուն ինտերնատներում մեծ թիվ են կազմում: Այս շենքի կառուցումը մեծապես նպաստելու է մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Շինարարական աշխատանքները առաջիկա 2 ամիսների ընթացքում կավարտվի և կունենաք նոր մասնաշենք», -նշել է նախարարը: