Նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը մասնակցեց Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը

0
110

Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման համաշխարհային օրվան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը նախարար Արտեմ Ասատրյանի  անունից ողջունեց միջոցառման մասնակիցներին՝ նշելով, որ նման միջոցառումները ևս մեկ առիթ է ուշադրության կենտրոնում պահելու երեխաների խնամքի և դաստիրակության հարցերը:

«Մենք բարձր ենք գնահատում ՍՕՍ մանկական գյուղի ուսանելի փորձը և այն դիտարկում ենք որպես իրականացվող բարեփոխումների շրջանակներում երեխաների խնամքի և պաշտպանության այլընտրանքային ձև, հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրելու իր ընտանիքում, և պետությունն ու հասարակությունը պարտավոր են համապատասխան պայմաններ ստեղծել այդ իրավունքը իրացնելու համար»,-իր խոսքում նշեց Դավիթ Հակոբյանը:

Միջոցառման ընթացքում նախարարի խորհրդականը ներկայացրեց նաև երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները: Նա հույս հայտնեց, որ նման միջոցառումները  ավելի կընդլայնեն պատկան մարմինների համագործակցության շրջանակները և ելնելով երեխաների շահերից՝ երեխաներին վերաբերող հարցերում միասնական և արդյունավետ լուծումներ կտրվեն:

Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին ԱՄՆ և Լիտվիայի դեսպանները, նախարարի օգնական Նաիրի Սարգսյանը, Տավուշի մարզպետը, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: