Գավառի մանկատանն այսուհետ կգործի նոր կրթական կենտրոն

0
89

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Գավառի մանկատանը նոյեմբերի 19–ին բացվեց կրթական նոր կենտրոն, որը 9-18 տարեկան ավելի քան 60 սաների հնարավորություն կտա ստանալ մասնագիտական կողմնորոշում և արհեստավարժ մասնագետների օգնությամբ լավագույնս պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին:

Կրթական  ծրագրի շրջանակներում կստեղծվեն նաև մասնագիտական խմբակներ՝ վարսահարդարում, փայտամշակում, կոշկակարություն, կարուձև և դիզայն մասնագիտություններով, որոնք հագեցած կլինեն անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություն կտան երեխաներին ստանալ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ:

«Այսօրվա հանդիպումը ինքնանպատակ չէ, այն ավելի շատ գործնական բնույթ է կրում և այս ծրագրից շատ ակնկալիքներ ունենք: Երբևիցե չթերագնահատելով այն աշխատանքները, որ մինչ օրս կատարվել են երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության բնագավառում՝ այս ծրագիրը շատ կարևորում ենք և այսօր, իսկապես, անհրաժեշտություն կա լրացուցիչ ծառայություններ իրականացնել:

Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ մենք որոշակի փորձ ունենք և աշխատանքներ իրականացրել  ենք, և հենց այդ աշխատանքների շնորհիվ շատերն ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ, ստացել տարբեր մասնագիտություններ, հմտություններ: Այնուամենայնիվ անչափ ուրախ եմ, որ այս մեկնարկով մենք կունենանք ավելի համապարփակ և ընդգրկուն աշխատանք և տեսանելի արդյունքներ:

Մենք բոլորս պատրաստակամ ենք անել ամեն հնարավոր բան,  որ մանկատնից դուրս եկած յուրաքանչյուր շրջանավարտ ունենա ամուր գիտելիքներ, որոշակի մասնագիտական հմտություններ և պատրաստ լինի կյանքի հետագա դժվարություններին»,- կենտրոնի բացման ժամանակ իր խոսքում նշեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:

Նորաբաց կրթական կենտրոնից կօգտվեն նաև Գավառ քաղաքի անապահով ընտանիքների երեխաները:

Կենտրոնը ստեղծվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում թողարկված VISA ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի շնորհիվ: