Տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

0
88

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությունում նախօրեին տեղի ունեցավ  Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացումը ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Նիստի ընթացքում ներկայացվեցին 2014 թվականի ընթացքում տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների համար մատուցվող  և առաջարկվող ծառայությունները, ինչպես նաև ակնկալվող ծրագրերը:
Մշակույթի նախարարության ներկայացուցիչը մասնավորապես խոսեց  մշակութային պետական կազմակերպությունների կենսաթոշակառուներին մատուցվող մշակութային ծառայություններից օգտվելու առավել մատչելի պայմանների, ստեղծագործող կենսաթոշակառուների համար իրենց աշխատանքները ցուցադրելու, տպագրելու հնարավորությունների մասին:
Առողջապահության նախարարությունից ներկայացվեց տարեց մարդկանց կարիքներին համարժեք մատչելի և որակյալ բժշկական օգնության  և սպասարկման ծառայությունների  մասին տեղեկատվություն: Խոսվեց նաև առողջապահական նոր ծառայությունների ներդրման մասին:

Տրանսպորտի և կապ նախարարության ներկայացուցիչը  2014 թվականի ընթացքում իրականացված ծրագրերից և քայլերից բացի,  անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն  խմբերի համար տրանսպորտային  միջոցների ֆիզիկական մատչելիության ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից ներկայացվեց անօթևան  մարդկանց շրջանում (մասնավորապես՝ տարեցներ) իրականացված ուսումնասիրության արդյունքները, ներկայացվեցին նաև համապատասխան առաջարկներ անօթևաններին կացարան տրամադրելու և անհրաժեշտ ծառայություններ մատուցելու վերաբերյալ:

Նիստին ներկա էին նաև  «Հայկական Կարիտաս»   և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ների ներկայացուցիչները, ովքեր նույնպես ներկայացրեցեին իրենց կազմակերպությունների կողմից  2014 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները տարեցների, կենսաթոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:

Հաջորդ միջգերատեսչական նիստին կքննարկվի  Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների միջոցառումների ծրագիրը: