ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հունիսի 23-ին մասնակցել է «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» Հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավում` զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ ՀՀ Տավուշի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովին:
Ողջունելով մասնակիցներին, տիկին Բաղդասարյանը կարևորել է ծրագրի արդյունքում իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու նշել, որ ծրագրից ընդհանուր առմամբ շահել են 154 երիտասարդներ: «Նման աշխատանքները պետք է շարունակական լինեն: Կարծում եմ հաջորդ քայլը պետք է լինի մշակված բիզնես պլանների իրագործումը, ինչը հնարավորություն կտա 39 հաշմանդամություն ունեցող անձի ունենալ սեփական գործ»,-ընդգծել է նախարարի տեղակալը:
Ծրագիրն իրականացվել էր ՀՀ Տավուշի մարզի 4 քաղաքային և հարակից գյուղական համայնքերում «Հույսի Կամուրջ» ՀԿ-ի կողմից, որի նպատակն էր ծրագրի արդյունքների, նվաճումների, քաղած դասերի և մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվության տարածումը շահեկիցների և հանրության շրջանում:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, Զբաղվածության պետական և տարածքային գործակալությունների, Տավուշի մարզպետարանի, ուսումնական հաստատությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: