Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

0
110

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 2-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ԲՈՒՀ-երում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրները և այլ հարցեր:

 

Նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ գործող օրենքի համեմատ տարբերություններն էական են.

 

«Ի տարբերություն գործող օրենքի կարգավորումների, որը վերաբերում է միայն սոցիալական ապահովության հետ կապված խնդիրների կանոնակարգմանը, այս օրենքի նախագիծը իր մեջ ներառում է նոր քաղաքականություն, որը ներդրվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության ոլորտում: Դա առաջին հերթին հավասար հնարավորությունների, մատչելի միջավայրի և այլ անհրաժեշտ հավասար պայմանների ստեղծումն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի մենք կարողանանք իսկապես լուծել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները»,- ասել է նախարարը:

 

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող աշխատանքների մասով նախարարը հատկապես կարևորել է սոցիալական մոդելի ներդրումը, այսինքն՝ բժշկական մոդելից անցումը բժշկասոցիալական մոդելի, ուստի կարևորվելու է անձի ոչ միայն առողջական վիճակը, այլ նաև՝ շրջակա միջավայրի ազդեցությունը անձի կենսագործունեության վրա:

 

Այս առումով վերջին տարիներին մեծ աշխատանքներ են իրականացվել, ստեղծվել է  փորձագիտական խումբ և առաջիկա տարվա ընթացքում արդեն նոր մոդելի վերաբերյալ առաջարկը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

 

«Նոր մոդելն ավելի շատ մարդակենտրոն է և հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող անձանց առավել ներգրավված լինել հասարակական կյանքում»,- նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Նիստի ընթացքում հնչել են  կարծիքներ և առաջարկություններ, որոնց շուրջ նախարարն առաջարկել է առանձին քննարկումներ կազմակերպել:

 

Ազգային հանձանժողովի նիստին մասնակցել են տարբեր գերատեսչությունների  պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների և  հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: