ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա առիթով մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացված հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառքին:
Սիրով ողջունելով ցուցահանդեսի տաղանդաշատ երիտասարդներին՝ տիկին Բաղդասարյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումները ապացույցն են այն բանի, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող ուժ է: «Սիրելի մասնակիցներ, արդեն ավանդույթ դարձած այս միջոցառումը ևս մեկ անգամ խոսում է այն բանի մասին, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է աշխատել, սովորել ու ստեղծագործել: Նրանք մեր հասարակության լիիրավ անդամներն են, չնայած բազմաթիվ խոչընդոտների: Պետության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում մի մոտեցում է, որի համաձայն պետք է ստեղծվեն հավասար պայմաններ ու հավասար հնարավորություններ բոլորի համար, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անհատ կարողանա իրացնել իր իրավունքները: Համոզված եղեք, որ իրականացվող աշխատանքներն ուղղված են ձեր իրավունքների պաշտպանությանը»,- նշել է տիկին Բաղդասարյանը:
2016 թվականը ՀՀ կառավարության կողմից հայտարարված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Իրականացվելու են բազմաթիվ հասարակական, մշակութային միջոցառումներ, ընդունվելու են նոր իրավական ակտեր, ստեղծվելու են նոր ծառայություններ, որոնց գլխավոր նպատակը իրավունքների հավասար իրացումն է:
Տիկին Բաղդասարյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է նաև նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական շեշտադրումները: Օրենքի հիմքում դրված է հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական ներառումը: Եվս մեկ անգամ շնորհավորելով ներկաներին, վստահեցրել է, որ նրանց խնդիրները պետական մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում են և ժամանակի ու համապատասխան ռեսուրսների օգնությամբ կստանան իրենց լուծումները:
Միջոցառումը կազմակերպվել էր «Փյունիկ» հասարակական կազմակերպության և ՄԱԿԻ-ի հայաստանյան գրասենյակի կողմից: Ցուցահանդեսում ներկայացված էին «Ջերմիկ անկյուն» և «Փյունիկ» հասարակական կազմակերպությունների երիտասարդների ձեռքի աշխատանքները: