Փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը ներկա է գտնվել Երեխայի սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության կենտրոնի շենքի բացմանը

0
97

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը դեկտեմբերի 3-ին մասնակցեց  «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի Երեխայի սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության ցերեկային կենտրոնի վերանորոգված շենքի բացման արարողությանը:

Ջեմմա Բաղդասարյանը ողջունելով  միջոցառման կազմակերպիչներին՝ նշեց. «Մեծապես կարևորում եմ  համայնքային կենտրոնների դերը և նշանակությունը հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման և սոցիալական ներառման  հարցերում և ուզում եմ  շնորհակալություն հայտնել «IDea» հիմնադրամին և այն կազմակերպություններին, որոնք ներդրում են ունեցել Դիլիջանի մասնաճյուղի շենքի կառուցման ու վերանորոգման գործում և շենքը համալրել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ գույքով»:

Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականներ Դավիթ Հակոբյանը և Նաիրի Սարգսյանը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը, Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն  Ջոն Փադըֆուտը, «IDeA» հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը, Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն  Արթուր Հակոբյանը:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը 2010 թվականից իր գործունեությունն իրականացնում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ: