Նախարարի ուղերձը Հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ

0
92

Հարգելի հայրենակիցնե՛ր,

Դեկտեմբերի 3-ը Հայաստանում, ինչպես աշխարհի ավելի քան 100 երկրներում, նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր:
Երկրի տնտեսական, սոցիալական և հանրային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը երաշխավորված է Սահմանադրությամբ և ամրագրված է կառավարության ծրագրում:  Այսօր յուրաքանչյուրս պետք է մեր հավատարմությունը հայտնենք սահմանափակ կարողությունների տեր անձանց հասարակական կյանքից դուրս մղելու արատավոր երևույթի դեմ պայքարին:

Անկախությունից ի վեր մեր երկրում տարեց տարի ավելանում են սոցիալական և կոմունիկացիոն ենթակառույցները, որոնք միտված են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունն իրականցնում է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիները կարողանան լիարժեք իրացնել իրենց քաղաքական, քաղաքացիական, սոցիալական և մշակութային իրավունքները:

Սակայն այսօր ստիպված ենք արձանագրել, որ մեր անելիքները շատ ավելին են, քան արձանագրած ձեռքբերումները: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաջորդ տարի իրականացնելու է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հետազոտություն, որի արդյունքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աջակցությամբ հնարավորություն կունենանք առանձնացնել այս կատեգորիայի անձանց խնդիրներն ու առաջնահերթությունները, որոնք էլ կընդգրկվեն նախարարության ռազմավարական պլանում:

Առաջնորդվելով օրվա խորհրդով՝ հորդորում եմ պատկան մարմիններին, մեր բոլոր համաքաղաքացիներին ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել մեզ շրջապատող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին և գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի օգնենք հաշմանդամություն ունեցող անձանց իրացնելու իրենց իրավունքները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Արտեմ Ասատրյան