«Բոլոր աշխատանքներն միտված են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը» Ջ. Բաղդասարյան

0
121

«ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոնում մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015թ. հունվարի 20-ի հրամանով ստեղծված հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ տրամադրող բուժատեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը: Հաշմանդամություն ունեցող անձը առաջին անգամ պրոթեզավորում կամ օրթեզավորում ստանում է նշված հանձնաժողովի գրավոր եզրակացության հիման վրա: Կատարված աշխատանքներին, խնդիրներին ու գործընթացի հետ կապված հարցերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հանդիպել է հանձնաժողովի անդամներին:

Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին ներկայացրել է այս տարվա իրականացված աշխատանքներն ու պրակտիկ գործընթացում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև հանդես եկել նոր նախաձեռնություններով ու առաջարկներով:

Գնահատելով և անդրադառնալով հանձնաժողովի դերի և հաշմանդամություն ունեցող անձին մատուցվող ծառայությունների կանոնակարգման խնդիրներին` տիկին Բաղդասարյանը նշել է. «Բոլոր աշխատանքներն ու նախաձեռնությունները պետք է ուղղված լինեն ոլորտի բարելավմանն ու մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Միանշանակ, խնդիր ունենք պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման կարգի որոշ դրույթների վերանայման, անվանացանկի դասակարգման և համապատասխան մեթոդական ուղեցույցների մշակման հետ: Մեր գլխավոր նպատակը գործընթացի արդյունավետության բարձրացումն ու պահանջված պարագաների որակի և մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումն է»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հանձնաժողովի արտագնա աշխատանքների կազմակերպման հետ կապված առաջարկները, Վերականգնողական անհատական ծրագրի լրացման ձևերն ու մեխանիզմները, հաշմանդամների տվյալների հաշվառման բազայի արդիականացման, ինչպես նաև Գյումրու մասնաճյուղի գործառույթների հստակեցման հետ կապված խնդիրները: Տիկին Բաղդասարյանի կողմից բարձրաձայնված հարցերի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հանդիպմանը մասնակցել են Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը,  գործակալության և նախարարության պատասխանատուները, «Ինտերօրթո» և «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ների մասնագետները:

Ի դեպ` Պրոթեզավորման կամ օրթեզավորման նպատակով ցանկացած պրոթեզաօրթոպեդիկ կազմակերպություն հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել միայն բուժատեխնիկական հանձնաժողովի գրավոր եզրակացությունից հետո: Հանձնաժողովը գտնվում է «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոնում /ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55ա/, աշխատում է յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 11:00-ից սկսած: