Քննարկվել են հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման խնդիրները

0
95

Հունիսի 7-ին տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների /ԱՀԿ ՖՄԴ/ ներդրման աշխատանքների հերթական քննարկումը: Ներկա են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նախարարության, ԲՍՓ գործակալության աշխատակիցները, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱՀԿ ՖՄԴ սկզբունքների հիման վրա հաշմանդամության սահմանման չափորոշիչների փորձարկման նպատակով 2016թ. մարտ–մայիս ամիսների ընթացքում իրականացվել է պիլոտ ծրագիր, որին նախորդել են վերապատրաստումներ գործընթացներում ներգրավված մասնագետների համար: Երևանի թիվ 3, Տավուշի և Շիրակի մարզերի ԲՍՓՀ-ներում պիլոտ ծրագիրն իրականացվել է գործող չափորոշիչներով փորձաքննությանը զուգահեռ:

Ողջունելով աշխատանքային խմբի անդամներին՝ տիկին Բաղդասարյանը նշել է, որ պիլոտային ծրագրի ընթացքում մեծ աշխատանքներ են կատարվել: Ներկայումս ընթացքի մեջ են մուտքագրման աշխատանքները, որից հետո կիրականացվի հավաքագրված տեղեկատվության վերլուծությունը: «Կարևոր է ի մի բերել արվածը, տեսնել մեր բացթողումները և միասին գտնել ճիշտ լուծումներ: Հաշմանդամության սահմանման նոր մոդելի մշակողը և կրողը լինելու ենք մենք՝ օգտագործելով մեր կարողություններն ու կուտակած փորձը, ինչպես նաև միջազգային փորձագետների խորհրդատվություններն ու դիտարկումները»,-հավելել է իր խոսքում նախարարի տեղակալը:

Նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է պիլոտային ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքները, ի հայտ եկած խոչընդոտներն ու խնդիրները: Ըստ բանախոսի՝ գործընթացն իրականությանը մոտ կազմակերպելու ընթացքում տեսանելի են դարձել բազմաթիվ խնդիրներ և հասկանալի է, որ բարդ աշխատանք է դրված աշխատանքային խմբի առջև: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են հստակ քայլեր և նպատակ է դրված բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացնել բարեփոխումներ՝ հատկապես ստեղծել անձի բազմակողմանի գնահատման հիմքեր և համապաատսխան չափորոշիչներն ամբողջությամբ կառուցել դրա հիման վրա: Բացի չափորոշիչներից պետք է հստակեցվեն նաև այն գործիքակազմը, գործողություններն ու քայլերը, որոնց շնորհիվ Հայաստանում կներդրվի հաշմանդամության սահմանման նոր մոդելը:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը աշխատանքային խմբի անդամներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել առաջարկություններ ու դիտարկումներ, որոնք կարևոր են հաջորդ փուլի աշխատանքները սկսելու համար: