Անկախությունից հետո մեր երկրում ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը համարվում էր առանցքային նախարարություններից մեկը, որն ամեն Աստծո օր լեփ-լեցուն էր լինում սոցիալական կարիքի մեջ հայտնված թոշակառուներով, նպաստառուներով, գործազուրկներով։ Հավանաբար այս նախարարության պաշտոնյաներից էլ ահռելի ջանքեր եւ ամուր նյարդեր են պահանջվել անապահով խավին իր իրավունքները բացատրելու, նրանց նախարարության շեմից ձեռնունայն տուն չուղարկելու համար։ Ամիսներ ուշացումներով նվազագույն թոշակ ստացող տարեցների քննադատության սլաքներն առաջին հերթին ուղղվում էին ՀՀ սոցապնախարարության կողմը, որն այն ժամանակ զբաղվում էր նաեւ օգնություններ բաժանելով։ Ակնհայտ էր նաեւ, որ մի երկրում, որն անցում էր կատարում մի հասարակարգից մյուսը, որտեղ իրականացվում էին տնտեսական եւ համակարգային բարեփոխումներ, լուրջ վերանայումների կարիք ուներ նաեւ սոցիալական ոլորտը, որի առանցքային խնդիրներից մեկն էլ զբաղվածության խնդիրն էր։ Հենց Սոցապնախարարության խնդիրն էր հայտնաբերել եւ ներկայացնել գործազրկության իրական պատկերը Հայաստանում, գտնել հասցեական նպաստառուներին։ Այդ ժամանակ շատերն էին փաստաթղթերով ներկայանում որպես անապահով, ստանում նպաստներ, իսկ իրական անապահովները մնում էին ստվերում։
1990-95թթ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Աշոտ Եսայանը պաշտոնաթողությունից հետո աշխատել է նույն նախարարությունում՝ որպես տեղակալ։ Աշոտ Եսայանի փորձն ու գիտելիքները գնահատվել են նաեւ հետագայում։ 2000-2004թթ. նա եղել է ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունների բաշխման հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մարդկային զարգացման ծրագրի ազգային փորձագետ (զբաղեցրել է նաեւ այլ պաշտոններ)։ Իսկ 2014 թվականից նա ՀՀ գլխավոր դատախազի օգնականն է։ Իսկ 1995-96թթ. որպես ՀՀ սոցապնախարար պաշտոնավարած Ռաֆայել Բագոյանի մասին համացանցային որոնումներից հայտնի է միայն այն, որ նրա որդին՝ Վահագն Բագոյանը նշանակվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։
1996-98թթ. ՀՀ սոցապնախարար Հրանուշ Հակոբյանը մինչ այդ պաշտոնում նշանակվելը հասցրել էր կոմսոմոլի իր հարուստ կենսագրությունը կերտել։ ԽՍՀՄ օրոք նա եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, անկախ Հայաստանում՝ 1990-95թթ., եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ Երբ նա ՀՀ սոցապնախարար էր, աչքի էր ընկնում կոմսոմոլին բնորոշ ակտիվությամբ եւ նախաձեռնողականությամբ։ Հրանուշ Հակոբյանին հաջողվեց մտերմիկ հարաբերություններ պահպանել անկախ Հայաստանի տարբեր իշխանությունների հետ եւ մշտապես մնալ «ջրի երեսին»։ Պաշտոնաթողությունից հետո էլ նա ընտրվեց ԱԺ պատգամավոր։ Իսկ երբ 2008թ., արդեն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, նա նշանակվեց ՀՀ սփյուռքի նախարար։ Հայտնի է, որ մինչ այդ Հայաստանում գոյություն չուներ Սփյուռքի նախարարություն, եւ այն ժամանակ հանրության մեջ տարածվեց կես-կատակ, կես-լուրջ այն կարծիքը, որ Սփյուռքի նախարարությունը ստեղծել են հատուկ Հրանուշ Հակոբյանի համար, որպեսզի վերջինս անպաշտոն չմնա։ Արդեն որպես ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սկսեց իրականացնել «Արի տուն» ծրագիրը, որն իբր սփյուռքահայերի վերադարձը Հայաստան խրախուսելու նպատակ էր հետապնդում։ Նրան Սերժ Սարգսյանը շնորհեց նաեւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Մինչ այդ լուրջ եւ գործունյա պաշտոնյայի իմիջ ձեւավորած Հրանուշ Հակոբյանը արդեն ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում զերծ չմնաց զավեշտալի պատմությունների մեջ ընկնելուց։ Նա ընդունել էր ոմն Արթուր Պողոսյանի, որը ներկայացել էր որպես «աստղաֆիզիկոս» եւ «առաջին հայ տիեզերագնաց»։ Կոմունիստական հին «ոսկոր» Հրանուշ Հակոբյանը հավատացել էր 20-ամյա Արթուր Պողոսյանի հավաստիացումներին, որ նա ՆԱՍԱ-ի հետ պայմանագիր է ստորագրել, ընդունել էր նրան եւ լուսանկարվել հետը։
1998-99թթ. ՀՀ սոցապնախարարն էր Գագիկ Եգանյանը։ Որպես պաշտոնյա՝ Գագիկ Եգանյանը չի հիշվում իր սկզբունքային դիրքորշումներով։ Նա Սոցապնախարարի պաշտոնավարեց մեկ տարի, իսկ դրանից հետո նշանակվեց ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետի տեղակալ։ Նա այդ պաշտոնում պաշտոնավարեց մինչեւ 2006թ., իսկ 2006-2009թթ. պաշտոնավարեց որպես ՀՀ միգրացիոն պետական գործակալության պետ։ Ըստ երեւույթին՝ միգրացիոն ոլորտում Գագիկ Եգանյանն իրեն փայլուն դրսեւորեց, այդ իսկ պատճառով էլ 2010թ. նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ։ Իսկ ահա 2014թ. նրան հանդիպում ենք արդեն ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի պաշտոնում, որում պաշտոնավարում է մինչ օրս։
Գագիկ Եգանյանին հաջորդած Ռազմիկ Մարտիրոսյանը, որպես ՀՀ սոցապնախարար, պաշտոնավարում է 1999-2000 եւ 2000-2003թթ.։ Նա ընկալվում էր որպես երկրապահական շրջանակներին մերձ պաշտոնյա, Վազգեն Սարգսյանի թիմակիցներից էր, մինչ այդ էլ եղել էր ԳԽ եւ ԱԺ պատգամավոր։ Պաշտոնաթողությունից հետո Ռազմիկ Մարտիրոսյանի փորձն ու գիտելիքները հավանաբար պետք եղան իշխանություններին, եւ նա նշանակվեց Սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենի տեղակալ։ Այժմ Ռազմիկ Մարտիրոսյանը ՀՀԿ քաղխորհրդի անդամ է, սակայն ակտիվ հրապարակային գործունեություն չի ծավալում:
2003 թվականից ՀՀ սոցապնախարարությունը վերակազմավորվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության։ 2003-2008թթ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր դաշնակցական Աղվան Վարդանյանը։ Նա բանաստեղծ է, լրագրող եւ հրապարակախոս։ Աղվան Վարդանյանը եղել է ՀԳՄ քարտուղար, «Երկիր» օրաթերթի եւ «Երեւան» տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր։ Այնուհետեւ նա զբաղվել է ակտիվ քաղաքականությամբ՝ 1999թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Որպես դաշնակցական՝ նա 2012թ. եւս ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Նրա պաշտոնավարման շրջանում սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերվել էին միլիոնների յուրացումներ, ինչի պատճառով ազատազրկվեց հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը։
2008-2009թթ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը եւս դաշնակացական է։ Նա այդ պաշտոնին հրաժեշտ տվեց՝ իշխանական կոալիցիայից ՀՅԴ դուրս գալու պատճառով։ Արսեն Համբարձումյանը դրանից հետո սկսեց ակտիվորեն հանդես գալ քաղաքական հայտարարություններով՝ պաշտպանելով ՀՅԴ-ի քաղաքական դավանանքը։
2009թ. կարճ ժամանակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը վստահվեց Գեւորգ Պետրոսյանին, որը հետագայում հայտնվեց սկանդալների կիզակետում։ Նա 2009-2010թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, հետո դադարեցրել է անդամակցությունը, այնուհետեւ՝ 2015թ., վերականգնել այն, 2016թ. հեռացվել է ԲՀԿ-ից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում վարկաբեկիչ գնահատականներ հնչեցնելու համար։ Պաշտոնից հետացվելուց հետո ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանը Գեւորգ Պետրոսյանի մասին ասել էր. «Պետրոսյանը կյանքում չէր կարող պատկերացնել, որ ինքը կարող է նախարար դառնալ։ Եթե ինքը լիարժեք չի կարողանում աշխատել, դա չի նշանակում, որ իքնը իրեն պետք է լավ զգա, բայց ամբողջ 3 մլն ժողովուրդը տանջվի»։ Գեւորգ Պետրոսյանը չկարողացավ հաշտվել ԲՀԿ նորաթուխ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հետ, նրանց հակասությունները պարբերաբար հայտնվեցին մամուլի էջերում, ինչն էլ նրան կուսակցությունից հեռացնելու պատճառ դարձավ։ Գեւորգ Պետրոսյանը, սակայն, դրանից հետո չհանգստացավ եւ իրեն կուսակցությունից հեռացնելու որոշումը վիճարկում է դատարանում։ Նա դատի է տվել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին:
2009-2010թթ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր Մխիթար Մնացականյանը, որը մինչեւ նախարար նշանակվելը ԱԺ պատգամավոր էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Նա 2001 թվականից Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահն էր, իսկ պաշտոնաթողությունից հետո վերադարձավ Կարմիր Խաչ՝ դառնալով կրկին այդ ընկերության նախագահը։ Այդ ժամանակ էր, որ ի հայտ եկան ԲՀԿ-ի՝ կադրային քաղաքականության մեջ բացթողումները, համարժեք ընտրություն չկատարելը կադրերի հարցում:
2010-2012թթ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը։ Նա պաշտոնին հրաժարական էր տվել՝ քաղաքական կոալիցիային ԲՀԿ-ի չմիանալու պատճառով։ Արթուր Գրիգորյանը իր պաշտոնավարման շրջանում «բոմժ» էր անվանել կառավարության շենքի առջեւ ցուցարարներից մեկին։
2012 թվականից առ այսօր պաշտոնավարող Արտեմ Ասատրյանն էլ ՀՀԿ-ական է։ Նա տարբեր վերապատրաստման դասընթացներ է անցել արտերկրում, իր կարիերան սկսել է 1998 թվականից, ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամից, եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ի տարբերություն իր նախորդների՝ ԲՀԿ-ական նախարարների, Արտեմ Ասատրյանը հավանաբար իր քառամյա պաշտոնավարման ընթացքում իշխանություններին դժգոհելու առիթ չի տվել։ Նա նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենն է եղել 2006-2007թթ։
Աղբյուրը՝ hraparak.am