Համագործակցություն՝ տարեցների տնային խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացում

0
132

Մայիսի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հանդիպել է Հայկական և Շվեյցարական Կարմիր Խաչ ընկերությունների պատվիրակության հետ: Նախարարությունը երկար տարիներ համագործակցում է Հայկական Կարմիր խաչ ընկերության հետ և համատեղ իրականացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր:

Պատվիրակության անդամները ներկայացրեցին տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացված հետազոտություններն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև տնային խնամքի կազմակերպման նոր մոդելն ու հետագա ծրագրերը: Շվեյցարական կարմիր խաչի ընկերությունը նախատեսում է Հայկական կարմիր խաչ ընկերության օժանդակությամբ Հայաստանում ներդնել տարեցների տնային խնամքի շվեյցարական մոդելը: Ներգրավելով համայնքի ներուժն ու կամավորական աշխատանքը՝ կստեղծվի համալիր սոցիալ-առողջապահական ծառայությունների նոր համակարգ: Մոդելի ներդրման փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել Շիրակի և Լոռու մարզերում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պատրաստակամության համար՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը նշեց. «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հանդիսանալով օժանդակ կառույց ՀՀ կառավարությանը` մարդասիրական ոլորտում, երկար տարիներ գործունեություն է իրականացնում բազմաթիվ ոլորտերում, մոբիլիզացնելով մարդասիրության ներուժը, աջակցելու բնակչության խոցելի խմբերին: Մեր ռազմավարական ուղղություններից է սոցիալ-առողջապահական ուղղությունը: Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ մենք ծրագրում ենք ընդլայնել այս ուղղությամբ մեր գործունեությունը և սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել ներդնել համայնքներում: Պլանավորման այս փուլում կարևորում ենք պետական կառույցների ներգրավումը»:

Իր հերթին շնորհակալություն հայտնեց նաև տիկին Բաղդասարյանը կատարված աշխատանքի, ակնկալվող աջակցության և օգտակար տեղեկատվության համար: «Տարեցների հիմնահարցերը գտնվում են բարեփոխումների փուլում: Վերանայվում են մատուցվող ծառայությունների որակը, մշակվում են նոր չափորոշիչներ ու մոտեցումներ, ինչպես նաև կիրառվում է միջազգային փորձը: Համոզված եմ, որ հետագա համագործակցության ու համատեղ աշխատանքի արդյունքում տարեցների տնային խնամքի կազմակերպման գործընթացը կարձանագրի լուրջ հաջողություններ»,-իր խոսքում կարևորեց նախարարի տեղակալը: Քննարկելով նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց խնամքի ու սպասարկման խնդիրները՝ տիկին Բաղդասարյանը կարևորեց Երևան քաղաքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցների համար տնային սոցիալական սպասարկման ծառայության փորձնական ծրագրի իրականացումը:

Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ տիկին Ռուչմանն էլ հավաստեց, որ ներկայացված մոդելը կներդրվի մեր երկրի ավանդույթների և ձևավորված կենսակերպին համաձայն: «Ծրագրի մեկնարկից առաջ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարվեն՝ հիմնովին գնահատելով շահառուների կարիքներն ու մատուցվող ծառայությունների որակը: Ըստ անհրաժեշտության կվերապատրաստվեն բոլոր մասնագետները, կմշակվեն նոր չափանիշներ ու գործիքակազմ: Մենք պատրաստ ենք երկարաժամկետ ներդրումներ կատարել՝ շտկելու ոլորտում եղած բացթողումները»,-իր խոսքում ընդգծեց տիկին Ռուչմանը:

Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն էլ խոսեց ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացի, սոցիալական աշխատանքի, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ու դերի, մատուցվող ծառայությունների գործում նրանց ակտիվ մասնակցության կարևորության մասին:

Հանդիպմանը մասնակցում էին Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարը, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները, նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ու տարեցների հիմնահարցերի բաժնի աշխատակիցները: