Դեկտեմբերի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման առողջապահական միությունը կազմակերպել էր հանուն հաշմանդամություն ունեցող անձանց առողջության խորագրով սեմինար, որին մասնակցել են բժիշկներ, հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ծնողները:
Քննարկման թեման հաշմանդամություն ունեցող անձանց առողջական և հասարակությունում ինտեգրման հարցերն էին, իսկ նպատակը՝ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարձրացնել բժշկասոցիալական փորձաքննության վերաբերյալ գիտելիքների մակարդակը:
«Հասարակության մոտ դեռևս հաշմանդամ ասվածը դիտվում է որպես սայլակ օգտագործող անձնավորություն, ու ցավով պետք է նշեմ, որ շատ դեպքերում նրանց որակավորումներ են տալիս, թե մեղք է, օգնության կարքի ունի… Մինչդեռ, թե՛ մեր ծառայությունները և՛ թե ամբողջ աշխարհը վաղուց հրաժեշտ են տվել այդ մոդելին, որն ավելի շատ կոչվում էր բարեգործական, կարեկցանքի կամ ողորմության մոդել»,-իր խոսքում նշել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյան
Սեմինարի ընթացքում ներկայացվել է հաշմանդամության ոլորտի ներկա իրավիճակը, ԲՍՓ գործակալության գործառույթները, հաշմանդամության սահմանման անհրաժեշտ պայմանները, հաշմանդամության մոդելները և այն անցումը, որը կատարվել է բարեգործական/խղճահարության մոդելից մինչև սոցիալական մոդելը և այն նոր ուղղությունները, որոնք ընկած են բարեփոխումների հիմքում, այն է. իրական կարիքների գնահատում` ներառյալ միջավայրային և այլ գործոնները, և այդ գնահատված կարիքների հիման վրա ծառայությունների մատուցում: Հանդիպման ընթացքում Հաշմանդամություն ունեցողներն ու նրանց ծնողները հնարավարություն են ունեցել նաև հարցեր ուղղել մասնագետներին և սպառիչ պատասխաններ ստանալ:
Կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև մշտական կապն ու համագործակցությունը ծառայություն մատուցողներ և շահառուների միջև: