Դեկտեմբերի 22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հանդիպել է մարզային հասարակական կազմակերպությունների և մարզպետարանի աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակը ,Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասինե ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ներկայացումն էր:
Պարոն Բաբաջանյանը հանդիպման մասնակիցներին մանրամասնորեն ներկայացրել է երկրում առկա ժողովրդագրական իրավիճակը, այդ իրավիճակի կայունացմանն ու բարելավմանն ուղղված ծրագրի նպատակն ու հիմնական ուղղությունները:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. Ազգային ծրագրի ուղղությունները երկուսն են՝ բնակարանային ապահովման բարելավում և տարիքային տարբեր խմբերի հղի կամ մայրացած երիտասարդ կանանց աջակցում: Առաջին դեպքում կբարելավվի երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների գոյություն ունեցող կառուցակարգերը, կներդրվի բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանով ապահովման պետական ծրագիր, կիրականացվի բնակարանի կարիք ունեցող անձի կողմից ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի սպասարկման սուբսիդավորում, կտրամադրվի սեփականության իրավունքով ՀՀ համայնքներին պատկանող բնակարաններ: Երկրորդ դեպքում նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը. մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանող կանանց ուսման վարձի սուբսիդավորում, երեխա ունեցող մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց ուսուցում, աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ /մինչև 30 տարեկան/ մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների մեծացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերին պետական աջակցության տրամադրում:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են ծրագրի վերաբերյալ իրենց մտահոգությունները, արել առաջարկություններ և դիտարկումներ, փոխանակվել մտքերով ու կարծիքներով:
Ծրագրի հանրային ներկայացման գործընթացը լինելու է շարունակական: 2016 թվականին հանրապետության մյուս մարզերում ևս կլինեն հանրային քննարկումներ: