Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը` սոցիալական գործընկերության համակողմանի զարգացման նախապայման

0
108

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մայիսի 18-ին տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկման թեման հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագիծն էր, որի համաձայն սոցիալական գործընկերության շրջանակներում կապահովվի սոցիալ-աշխատանքային և սոցիալ-տնտեսական հարաբերությունների կայուն զարգացումը` զբաղվածության մակարդակի բարձրացմամբ և սոցիալական համերաշխության ամրապնդմամբ:

Մեծապես կարևորելով սոցիալական գործընկերության նշանակությունը ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում` պարոն Ասատրյանը նշեց. «Նոր պայմանագիրը ևս մեկ հնարավորություն է սոցիալական գործընկերության շահերի հավասարակշռման, համակողմանի զարգացման և առաջնահերթ խնդիրների լուծման համար: Համոզված եմ, որ այն կնպաստի գործատու-աշխատող հարաբերությունների հստակեցմանը»:
Նախատեսվող պայմանագիրը ներառում է աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման, արժանապատիվ աշխատանքի և աշխատաշուկայի հավասարակշռության ապահովման, բնակչության զբաղվածության խթանման, վարձու աշխատողների սոցիալական պաշտպանվածության պարտավորությունները:
Նախարարի առաջարկով հանձաժողովի անդամները մանրամասնորեն դիտարկեցին պայմանագրի յուրաքանչյուր կետ: Ներկայացված առաջարկությունները, նոր ձևակերպումներն ու լրացումները կընդգրկվեն պայմանագրի վերջնական տարբերակում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և գործատուների հանրապետական միության, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, նախարարության աշխատակիցներ: