Լրագրողներին է ներկայացվել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը

0
87

Մայիսի 16-17-ին Աղվերանում տեղի ունեցավ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ սեմինար քննարկում, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը, նախարարության  աշխատակիցներ  և ԶԼՄ ներկայացուցիչներ:

«Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը հասցեական և ինքնաշխատ դարձնելու համար մեկ կենտրոնում տեղակայված կլինեն սոցիալական ծառայություններ մատուցող բոլոր մարմինները՝ մեկ միասնական ընդունարաններով». ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ քննարկել է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Սեմինարի ընթացքում լրագրողներին է ներկայացվել  «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը,  ազգային և տարածքային մակարդակներում  կնքվող սոցիալական համագործակցության համաձայնագիրը, ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները, դրանց կառուցվածքը:

«Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներքո ձևավորվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները ապահովելու են դիմումներ ընդունողների և որոշումներ կայացնողների տարանջատվածությունը, նաև համոզված եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կտեսնենք այս համակարգի տեսանելի արդյունքները»,-խոսելով միասնական ընդունարանների հասցեականության և արդյունավետության մասին՝ ընդգծել է նախարարը:

Սեմինարի ընթացքում լրագրողներին է ներկայացվել նաև նոր կայք և էլեկտրոնային գրադարան, որոնք միտված են բարձրացնելու հասարակության սոցիալական իրազեկվածության մակարդակը: Կայքը նպաստելու է  հասարակության լայն շերտերին սոցիալական ոլորտին առնչվող արդյունավետ և որակյալ տեղեկատվական աջակցության տրամադրմանը:

Լրագրողները սեմինար-քննարկման ընթացքում հնչեցրել են  բազմաթիվ հարցեր կապված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում    ծառայությունների մատուցման հնարավոր խնդիրների, դեպք վարողների, սոցիալական աշխատողների դերի  և ոլորտի այլ հարցերի վերաբերյալ:

 

ՍԵմինարի կազմակերպմանն  աջակցել է USAID/PRIP ծրագիրը: