ՀՀ կառավարության 17.12.15թ. նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ընդունվել է «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է կարգավորել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները շուրջօրյա խնամքի տներում: Շուրջօրյա խնամքի տանը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի տրամադրման նպատակը հոգեկան առողջության պահպանման ոլորտում այլընտրանքային ծառայությունների կազմակերպման և տրամադրման միջոցով այդ անձանց համար ընտանեկանին առավել մոտ uոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը և սոցիալ-հոգեբանական վերականգնումն է, նրանց առողջության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործումը, հոգեկան առողջության խնդիրներն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով համայնքում ապրելու իրավունքի լիակատար իրացմանն օժանդակելը և սոցիալական ներառմանն աջակցությունը:
Նախագիծը մշակվել է, հաշվի առնելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայություններ մատուցող` բնակչության սոցիալական պաշտպանության այլ տիպերի առկայությունը և ընդունելով այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարևորությունը: Ուսումնասիրելով նաև միջազգային փորձը ու ոլորտի զարգացման միտումները, ակնկալվում է կանոնակարգել օրենսդրական դաշտի բացը, որ կա հոգեկան առողջության ոլորտում գործող այլ կառույցների կողմից մատուցվող ծառայությունների գործունեության տիրույթում:
Հաջորդ կարևոր գործոնը, որն արտացոլված է նախագծում, դա ապաինստիտուցիոնալացման գաղափարի առարկայացումն է շուրջօրյա խնամքի տների գործունեության պարագայում, ինչը ենթադրում է հոգեկան առողջության ծառայությունների վերափոխում, որի ժամանակ տեղի է ունենում հոգեբուժական խոշոր հաստատությունների և բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատությունների աստիճանաբար փոխարինում այլընտրանքային ծառայություններով, այդ թվում՝ շուրջօրյա խնամքի տներով, սատարող կացարաններով, համայնքային ցերեկային կենտրոններով և այլ ծառայություններով: