Ընտանիքի միջազգային օրը նախարարն այցելել է հաշմանդամություն ունեցող երեխա որդեգրած ընտանիքի

0
105

Ընտանիքի միջազգային օրը  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ  Ահրենսի հետ այցելեցին վերջերս հաշմանդամություն ունեցող երեխա որդեգրած ընտանիքի:

Ողջունելով և շնորհավորելով ամուսիններին տոնի կապակցությամբ՝ նախարարը քաջալերեց  և խրախուսեց ընտանիքին, չնայած այն բոլոր դժվարությունների, որոնք հաղթահարել են ամուսինները փոքրիկի խնամքը  և հոգատարությունը իրականացնելիս:

«Նույնիսկ բառերն են ավելորդ շեշտելու ինչ կարևոր գործ եք դուք արել՝ ընտանեկան ջերմ միջավայր ապահովելով այս փոքրիկի համար: Անգնահատելի և խրախուսելի քայլ է, որ պետք է  օրինակ դառնա մեր հասարակության համար»,-ամուսիններին ուղղված իր խոսքում ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու  իրավունքն իրացնելուն, նախարարը նշեց, որ երեխաների համար ընտանիքից դուրս հնարավոր չի ստեղծել լավագույն պայմանները և ոչ մի խնամքի հաստատություն, նույնիսկ եթե ապահովված լինի ամենահարմարավետ պայմաններով, երբեք չի կարող փոխարինել ընտանիքին:

Նախարարը անմիջական և ջերմ մթնոլորտում  շփվեց 3-ամյա փոքրիկի հետ, խաղալիքներ նվիրեց:  Այնուհետև,  ամուսինները  նախարարին խնդրեցին աջակցել իրենց ևս մեկ երեխա  որդեգրելու հարցում:

Ընտանիքի օրը ամփոփվեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ տեղի ունեցավ  երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում  իրականացվող բարեփոխումների գործընթացում  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների քննարկում:

Հանդիպմանը  քննարկվեցին կարիքի գնահատման հիման վրա երեխաներին խնամքի հաստատություններից  կենսաբանական և խնամատար ընտանիքներ ուղղորդելու մեխանիզմները: