Սիրելի հայրենակիցներ ,
Սիրելի ծնողներ, տատիկներ և պապիկներ, քույրեր և եղբայրներ, որդիներ և դուստրեր,
Շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
Հայկական իրականության մեջ ընտանիքի, ընտանեկան արժեքների ու փոխհարաբերությունների կարևորությունն ու բարձր գնահատանքը ոչ միայն խոսքեր են, այլև հարյուրամյակների ավանդական իրողություն: Ուստի մայիսի 15-ն օրենսդրորեն ամրագրելով տոնացույցում որպես Ընտանիքի օր՝ մեր պետությունը, մեր հասարակությունն առաջին հերթին իր առանձնահատուկ վերաբերմունքն է արտահայտում ընտանիքի ինստիտուտի կարևորության նկատմամբ:
Բոլոր դարաշրջաններում և բոլոր հասարակություններում մարդու համար ընտանիքը հանդիսացել է սոցիալիզացիայի և նորմաստեղծ առաջնային ինստիտուտ: Մեր ժողովրդի դեպքում այն առանձնահատուկ նշանակություն է ունեցել, քանզի դարեր շարունակ չունենալով պետականություն, հենց հայ ընտանիքում է ծնունդ առել, ձևակերպվել ու ժառանգվել արժեքների ու նորմերի այն ամբողջությունը, որը մեզ հնարավորություն է տալիս հեշտությամբ յուրացնել հասարակական հարաբերությունների առաջադեմ փորձը:
Որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, պետք է նշեմ, որ ընտանիքի հանդեպ սերը, հավատարմությունն ու նվիրումն են, որ նպաստում են ժամանակակից պայմաններում սոցիալական արդյունավետ քաղաքականություն իրականացնելուն:
Այս ջերմ տոնի առիթով ևս մեկ անգամ շնորհավորում եմ բազմանդամ ընտանիքներին, ավանդական եռաստիճան ընտանիքներին, այն ընտանիքներին, որոնք երեխա են որդեգրել՝ նրանց համար ստեղծելով ընտանեկան ջերմ միջավայր:
Բոլոր ընտանիքներին մաղթում եմ ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և խաղաղություն: