Քննարկում Սոցիալական պաշտպանության ոլորտում ՏՏ ներդրման խնդրի շուրջ

0
110

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության և «Այ Բի Էմ Եվրոպա և Ասիա» ընկերության միջև ստորագրված երկարաժամկետ համագործակցության հուշագրի շրջանակներում դեկտեմբերի  18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում:

Կարևորելով սոցիալական ոլորտում հուշագրով նախատեսվող ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  նշեց. «Վերջին տարիներին կենսաթոշակային ոլորտում իրականացվել է  լայնածավալ աշխատանքներ, ներդրվել են ինքնաշխատ համակարգեր: Այսօր արդեն  «Այ Բի Էմ» ընկերության հետ համատեղ  տեղեկատվական տեխնոլոգիաներ նախատեսվում է ներդնել սոցիալական ապահովության ոլորտի տարբեր համակարգերում և առաջին հերթին զբաղվածության   համակարգում, ինչն առավել արդյունավետ կդարձնի այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունը»:

Նախարարը նաև ընդգծեց, որ սոցիալական ոլորտը սպասարկող ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը նշանակալի նորամուծություն է, քանզի առաջադրում է ծառայությունների ավտոմատացման համընդգրկուն լուծումներ, որոնք հասանելի կդարձնեն ոլորտին առնչվող տեղեկատվության տարբեր աղբյուրները և վերլուծությունները, միաժամանակ կմշակվեն առավել հեռանկարային բարձրորակ սոցիալական ծառայություններ:

Խոսվեց  նաև «ԿՈՒՌԱՄ» համակարգի հենքի վրա տարածաշրջանային տեխնոլոգիական Գերազանցության կենտրոնի ստեղծման մասին, ինչը  հնարավորություն կտա  Հայաստանում ունենալ սոցիալական ոլորտը սպասարկող ժամանակակից տեխնոլոգիաներ և դրանք, հետագայում, արտահանել այլ երկրներ:

Քննարկման ընթացքում  բարձրացվեցին խնդիրներ, հնչեցին առաջարկներ: Նախարար Արտեմ Ասատրյանը հանձնարարեց հաջորդ  աշխատանքային հանդիպման  ժամանակ քննարկել բարձրացված բոլոր խնդիրները և  մշակել համապատասխան առաջարկներ:

Աշխատանքային հանդիպմանը  ներկա էին փոխնախարարներ, ՍԱՊԾ պետ Արմեն Աբրահամյանը, ԿՀԻԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը,  նախարարության այլ աշխատակիցներ:

Հանդիպման կազմակերպմանն աջակցել էր  USAID/ PRIP  ծրագիրը: