Նախարարը մասնակցեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառմանը

0
94

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեկտեմբերի  19-ին մասնակցեց Հայաստանում  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Բարձր գնահատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև երկար տարիների համագործակցությունը՝ նախարարը նշեց, որ  Երեխաների պաշտպանության  ոլորտում մեծ ծավալի աշխատանքներ և տարբեր ծրագրեր են  իրականացվել:

«Ներկայումս ձևավորվել են լավ նախադրյալներ, որպեսզի առաջիկա տարիների  ընթացքում համակարգային մեծ  փոփոխություններ արվեն երեխաների պաշտապանության ոլորտում և իրագործվի այն թեզը, որ մենք ձևակերպել ենք՝  «Երեխան պետք է ապրի ընտանիքում»: Այս թեզի իրագործումը նշանակում է՝ այն ինստիտուցիոնալ կառույցները, որոնք գործում են մեր հանրապետությունում աստիճանաբար պետք է վերափոխվեն: Եւ առաջիկա տարիների ընթացքում պետք է մշակվեն բոլոր չափորոշիչները, կարգերը, որոնք   թույլ կտան զարգացնել այլընտրանքային ծառայություններ:  Պետք է նշեմ, որ  այս ուղղությամբ  2014 թվականին  լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել և առաջիկայում  այդ աշխատանքները գործնական բնույթ կկրեն»,- իր խոսքում ընդգծեց նախարարը:

ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի  հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որ վերջին տարիների ընթացքում  ՅՈՒՆԻՍԵՖ-ը  ՀՀ կառավարության հետ համատեղ լուրջ բարեփոխումներ է իրականացրել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Եւ ընդգծեց, որ վերջին  20 տարիների ընթացքում Հայաստանում կրճատվել է  մանկական հանցագործության դեպքերը:

Միջոցառումը նվիրված էր նաև  «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին, որը մարդու իրավունքների պաշտպանության  պատմության մեջ ամենաշատ վավերացումներ անցած համաձայնագիրն է:

Միջոցառմանը ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երգիչներ, երգչուհիներ և  երեխաներ: