Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Եռատոնի կապակցությամբ

0
71

Սիրելի հայրենակիցներ,

Մեծ Հայրենականի սիրելի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսյան փառահեղ Եռատոնի կապակցությամբ:

70 տարի առաջ այս օրը Խորհրդային բանակը փառահեղ հաղթանակ տարավ Հայրենական Մեծ պատերազմում, որի կազմում աննկարագրելի մեծ էր մեր փոքրաթիվ ժողովրդի ներդրումը: Իսկ 1992 թվականին՝  նույն օրը,  ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին, ինչը Հաղթանակի օրվան նոր իմաստ և խորհուրդ հաղորդեց: Միևնույն ժամանակ կազմավորվեց և իր հաղթական ընթացքը մեկնարկեց հայկական երկրորդ պետության՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը:

Մենք խոնարհվում ենք Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի մասնակիցների և վետերանների առջև, ովքեր իրենց կյանքի գնով, անձնուրաց նվիրվածությամբ և սխրագործությամբ հաղթանակներ կերտեցին և մեզ խաղաղ ապրելու իրավունք պարգևեցին:

Կրկին շնորհավորելով մեր հայրենակիցներին Մեծ Հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության Բանակի կազմավորման առթիվ՝ մաղթում եմ բոլորիս նորանոր հաղթանակներ և խաղաղություն: