Սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մեթոդաբանությունը պատրաստ է

0
194

Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման նոր մեթոդաբանությունը երկարատև և մանրակրկիտ փորձարկման փուլից հետո, երկու ծրագրերի օրինակի վրա hուլիսի 22-23-ին կազմակերպված քննարկումների ընթացքում ներկայացվել է ոլորտի մասնագետներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքները, մասնավորապես նշելով, որ նոր կարգով և մեթոդաբանությամբ ինստիտուցիոնալացվում է նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկումն ու գնահատումը, ինչը շատ կարևոր նախապայման է պետական բյուջեի 30 տոկոսը կազմող ծրագրերի արդյունավետ իրականացման համար։ Նախարարի խոսքով՝ ՄԳ լրամշակված կարգն ու  մեթոդաբանությունը խիստ կարևոր գործիք է հետագայում աշխատանքների կազմակերպման առավել հստակ, հասցեական և ճշգրիտ պլանավորման և քաղաքականության առաջնահերությունները սահմանելու  տեսանկյունից։

Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, որպես մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբի համակարգող, ներկայացրել է անցած երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքները, մասնավորապես՝ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման  զարգացումները։

Նախարարի տեղակալը  նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի  2013թ. հոկտեմբերի 3-ի Ն-133-Ա/1 հրամանով առաջին անգամ ներդրվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման կառուցվածքագործառույթային մոդելը, որի մշակման և փորձարկման աշխատանքները ֆինանսավորվել էին  Համաշխարհային Բանկի կողմից։  Այդ մեթոդաբանությամբ  նախարարության  կազմում ըստ ոլորտների ձևավորված աշխատանքային խմբերը  2014-2015թթ. իրականացրել են շուրջ 26 ծրագրերի, մասնավորապես՝ զբաղվածության, երեխաների պաշտպանության, տարեցների սպասարկման ոլորտներում և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող  ծառայությունների մշտադիտարկման ցուցանիշների մշակումը, հավաքագրումն ու գնահատումը։ Դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ ծրագրի ֆինանսական կայունությունը և կենսաթոշակի չափը:

Միջոցառման ժամանակ ներկայացվել են  2015-2016թթ. ընթացքում «Աշխատանքային կենսաթոշակներ» և  «Կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ» ծրագրերի մոնիթորինգի և գնահատման իրականացման արդյունքներն ու բացահայտումները: Աշխատանքները ներառել են  երկու ծրագրերի մասին ստացված վարչական տվյալների, շահառուների շրջանում իրականացված ընտրանքային հետազոտությունների և գործընկեր կառույցների ու ՀՀ ՍԱՊԾ տարածքային բաժինների աշխատողների հետ ֆոկուս խումբ քննարկումների արդյունքները։  ՄԳ արդյունքները ցույց են  տվել նաև, որ նոր տեղեկատվական համակարգի ներդրումը զգալի բարելավել է վերը նշված  ծրագրերի վարչարարությունը և շահառուներին մատուցվող ծառայությունների որակը։

ՀՀ ՍԱՊԾ պետ Արմեն Աբրահամյանը իր հերթին նշել է, որ ՄԳ արդյունքում ներկայացված եզրահանգումները կդիտարկվեն ՀՀ ՍԱՊԾ կողմից, իսկ աշխատանքային խմբի անդամներին առաջարկել է կազմակերպել լրացուցիչ վերլուծություն՝ առաջարկվող ՄԳ ցուցանիշների կարևորությունը հիմնավորելու համար։

ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի մասնագետներ Հասմիկ Ղուկասյանը և Սուսաննա Կարապետյանը նշված ծրագրերի օրինակի վրա մասնակիցներին ներկայացրել են առաջարկվող նոր մեթոդաբանությամբ ծրագրերի ՄԳ փաստաթղթերի մշակման, ցուցանիշների դասակարգման և գնահատման եղանակները։

ՀՀ-ում քաղաքացիական ծառայողների գույքային պատասխանատվության և խրախուսանքների մասին օրենսդրական կարգավորումների մասին խոսել է ԱՄՆ ՄԶԳ  ԿԲԻԾ փորձագետ Արսեն Մանուկյանը, ով առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքում և ՀՀ Աշխատանքային օրենսգրքում՝ հստակեցնելու Քաղաքացիական ծառայողների գույքային պատասխանատվության  օրենսդրական հիմքերը։

«Վիվատ Քոնսալթինգ»  կազմակերպության խորհրդատու Ստատիս Տրայանտաֆիլյուն ներկայացրել է Լոռու և Շիրակի մարզերում իրականացվող երեխաների խնամքի հաստատությունների բեռնաթափման ծրագրի  տրամաբանական շղթայի ձևավորման մեթոդաբանությունը։

ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող  ծառայությունների արդյունքի վրա հիմնված մշտադիտարկման և գնահատման կարգի հիմնական հասկացություններն ու իրականացման քայլերը ներկայացրել է նախարարության Վերլուծության և մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վասիլյանը։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի անդամներին և նախանշել աշխատանքների հաջորդականությունը. մասնավորապես ՀՀ ՍԱՊԾ աշխատողների համար ՄԳ արդյունքների ներկայացման անհրաժեշտությունը, նախարարության համար ծրագրերի ՄԳ արդյունքների ամփոփաթերթի մշակումը, նախարարության պաշտոնական կայքէջում Մոնիթորինգի և գնահատման նոր հարթակի բացումը, որտեղ կտեղադրվեն համապատասխան հաշվետվություններ:

Ծաղկաձորում կազմակերպված երկօրյա քննարկումներին մասնակցեել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության ոլորտային բոլոր վարչությունների մասնագետները, ՀՀ ՍԱՊԾ, ԶՊԾ, ԲՍՓ գործակալություների ներկայացուցիչներ:

Հանդիպումն իրականացվել է USAID PRIP ծրագրի աջակցությամբ: