Վանաձորի աշխատանքի տոնավաճառում ներկայացվել է 327 թափուր աշխատատեղ

0
317

Հուլիսի 22-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառին մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 26 գործատու՝ 327 առկա և 204 սպասվելիք թափուր աշխատատեղով:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողների համար հնարավորություն է ստեղծվել միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող տարբեր գործատուների, զրուցել նրանց հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացված առկա և սպասվելիք թափուր աշխատատեղերին և պահանջներին: Արդյունքում գործատուները` ունենալով մեծ ընտրության հնարավորություն` հաջողությամբ կարողացել են համալրել իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալ Լոռու մարզի աշխատաշուկային, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության ծրագրերին, որոնք ևս աշխատանք գտնելու հնարավորություններ են հատկապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար:

Վանաձոր քաղաքում 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 5318 անձ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 96.0%-ը կամ 5105 անձ:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 251 աշխատանք փնտրող, որից 201-ը աշխատաշուկայում անմրցունակ անձ: