Նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Երեխաների իրավունքների պաշտպանության մոնիթորինգի հարցերով կլոր սեղանին

0
97

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականներ Դավիթ Հակոբյանը, Արեգ Սավգուլյանը, մոնիթորինգի բաժնի պետ Արթուր Եղիազարյանը  հուլիսի  13-ին մասնակցել են  «Երեխայի իրավունքների մոնիթորինգի խնդիրները Հայաստանում», «Երեխայի իրավունքների պաշտպանության մոնիթորինգի համակարգի արդիականացման խնդիրներն ու քայլերը» խորագրերը կրող զեկույցների ներկայացմանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին զեկույցի նախապատրաստման շրջանակներում ակտիվ համագործակցության համար:

Նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը իր հերթին  բարձր է գնահատել   կատարված աշխատանքները  և նշել, որ նախարարությունը ներկայումս աշխատանքներ է տանում «Երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2021թթ. ծրագրի» մշակման ուղղությամբ և հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարության 2013-2016թթ ծրագրի» մոնիթորինգի արդյունքները կարող են լավագույնս օգտագործվել նոր ռազմավարության մեջ:

Սոցիալական ոլորտի ազգային մոնիթորինգի ինստիտուցիոնալ կառուցվածքում քաղաքացիական հասարակության ընդգրկման մասին խոսել է  նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը: Նա մասնավորապես նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2016թ. մայիսին ոլորտում գործող տեղական և միջազգային շուրջ  40 հասարակական կազմակերպությունների հետ  ստորագրել է Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում ստեղծվում է սոցիալական համագործակցության լայն ցանց թե ազգային և տարածքային մակարդակներում: Նախարարի խորհրդականը իր խոսքում ընդգծել է, որ սա ևս պետք է ներառել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային մոնիթորինգի գործիքակազմում որպես կարևոր օղակ:

Հանդիպման ավարտին նախարարության ներկայացուցիչները  առաջարկել են    «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին ընդգրկվել  «Երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2021թթ. ծրագրի» մշակման աշխատանքներին: