Ֆրանսիայի փորձի կիրառումը կնպաստի տարեցների խնամքի կենտրոններում ապրելակերպի, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը. Ջ. Բաղդասարյան

0
118

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների խնամքի և սպասարկման հաստատությունների աշխատակիցներ` բժիշկներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ ապրիլի 27-30-ը մասնակցել են «Տուն-ինտերնատների կառավարում, ծերաբուժության և ծերացման հիմնահարցեր» խորագրով դասընթացին:

Փարիզում գործող Սոցիալական օգնության հայկական միության գլխավոր տնօրեն Վազգեն Մելդոնյանն ու «Էգլանթիե» ծերանոցի տնօրեն Րաֆֆի Գարաբեդյանը դասընթացին ներկայացրել են Ֆրանսիայում գործող ծերանոցների գործունեությունը, փորձարկվող մոդելները, մատուցվող տարատեսակ ծառայությունները, տարեցների խնամքի կազմակերպումը: Բանախոսները ներկայացրել են նաև Ֆրանսիայում ծերաբուժության և ծերաբանության միտումները, ծերացման հիմնահարցերը, կենտրոններում տարեցների բարեկեցության զարգացման ու ամրապնդման, խնամքի ծառայությունների որակի բարելավման և անհատական հասցեագրման մեխանիզմները:

Հանդիպման ընթացքում Հայաստանում գործող համակարգի, տարեցներին մատուցվող ծառայությունների, խնամքի և սպասարկման ձևերի ու մոտեցումների մասին խոսել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի, տարեցների խնամքով զբաղվող ՊՈԱԿ-ների աշխատակիցները:

Առավել հստակ և գործնական պատկերացում կազմելու նպատակով փորձագետները դասընթացի ավարտին այցելել են Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ:

Հաստատությունների տնօրենների ուղեկցությամբ փորձագետները շրջել են տուն-ինտերնատներում, ծանոթացել մատուցվող ծառայությունների որակին, սենյակային պայմաններին, դեղորայքի բաժանման ընթացակարգին, ճաշացանկի, ջեռուցման և կաթսայատան համակարգին,  ժամանցային միջոցառումների կազմակերպման ձևերին, ինչպես նաև կիսվել են իրենց մտահոգություններով, առաջարկներով և զարգացումների պլանով:

Ֆրանսիացի փորձագետները բարձր են գնահատել թիվ 1 տուն-ինտերնատին կից կառուցվող  անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների համար նախատեսված մասնաշենքը, որն իր տիպային բնույթով համապատասխանում է Փարիզում գործող նմանատիպ շինությանը: Նրանք նշել են, որ կատարված շինարարական աշխատանքները ոչ մի բանով չեն զիջում Եվրոպայում գործող ժամանակակից հաստատություններին:

«Մենք իրապես տպավորված ու զարմացած ենք Հայաստանում այս ոլորտում կատարված աշխատանքները տեսնելով: Մենք ձեզանից ենք սովորում, դուք մեզանից: Մեր ֆինանսական հնարավորություններն ու միջոցներն են միայն տարբեր, խնամքի և սպասարկման ծառայությունները, հոգատարությունն ու ջերմություննը նույնն են»,-իրենց տպավորություննեորվ կիսվել են փորձագետները:Տուն-ինտերնատներում կատարած շրջայցը և դասընթացի արդյունքները  ամփոփվել են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:

Նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը և աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը ողջունել և շհորհակալություն  են հայտնել փորձագետներին այցելության, փորձի փոխանակման, գիտելիքների և տեղեկատվության տրամադրման համար: «Վստահ եմ, որ եռօրյա դասընթացը մեր աշխատակիցների համար շատ օգտակար և կարևոր է եղել: Համոզված եմ, որ ձեռքբերած գիտելիքներն ու նոր հմտությունները կօգտագործեն իրենց առօրյա աշխատանքում, ինչպես նաև կփոխանցեն իրենց գործընկերներին»,-նշել է տիկին Բաղդասարյանը:

Փորձագետներն իրենց հերթին շնորհակալություն են  հայտնել հյուրընկալության, ներկաների ակտիվ մասնակցության, բարձրաձայնված կարևոր ու հետաքրքիր հարցադրումների համար: «Ոլորտում առկա խնդիրները ամենուրեք են` ճարտարապետական, ծառայությունների որկայալ մատուցում, պայմանների բարելավում: Նշենք, որ Ձեր երկու հաստատություններում էլ խնամքն ու մատուցվող ծառայություններն իրականացվում են բարձր մակարդակով: Կարծում ենք որոշակի ներդրում ունեցանք ձեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Համոզված ենք, որ համագործակցությունն ու փորձի փոխանակումը երկուստեք շահավետ և օգտակար կլինեն»,- ընդգծել են փորձագետները:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվել են  հավաստագրեր:

Դասընթացը կազմակերպվել էր ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և «Ֆրանս-հայկական» զարգացման հիմնադրամի կողմից: