ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

0
144

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Մեր ժողովրդի, հայ մարդու համար դարեր շարունակ աշխատանքը եղել է կենսակերպ, աշխատասիրությունը դարձել է ազգային առանձնահատկություն, իսկ բարիքի ու արժեքի ստեղծումն անդարձ լրացրել են ազգային հարուստ ավանդույթները:

Ցանկացած հասարակության և պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու, մարդու ստեղծագործ աշխատանքն է: Մյուս կողմից` մարդու և նրա ընտանիքի երջանիկ ու բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայման է կայուն զբաղվածությունը, կատարելագործման անընդհատ ձգտումը` իր կուտակած գիտելիքին և ունակություններին համարժեք:

Որպես աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար, ինձ մտահոգում է, որ մեր երկրում բազմաթիվ աշխատունակ քաղաքացիներ տարիներ շարունակ աշխատանք են փնտրում և չեն կարողանում գտնել: Նույնքան մտահոգիչ է, որ զբաղվածությամբ ապահովված մարդիկ բավարարված չեն իրենց վաստակով և աշխատանքի այլ պայմաններով:
Այսօր մեր առջև ծառացած է արժանապատիվ և կայուն զբաղվածության ապահովման խնդիրը, որի լուծմանն են ուղղված կառավարության կողմից աշխատանքի, աշխատավարձի և զբաղվածության ոլորտում իրականացվող համակողմանի բարեփոխումները: Այս բարդ խնդրի լուծման նպատակով մեր ուժերի ներածին չափով փորձում ենք պետական ակտիվ աջակցությամբ և անհատական կարիքի գնահատման հիման վրա` վերապատրաստել քաղաքացիներին, տարբեր ծրագրերով օգնել աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորող գործատուներին, խթանել այդ անձանց ինքնազբաղվածությունը:

Ուրախ եմ, որ վերջին տարիներին հազարավոր մարդիկ պետական աջակցությամբ գտել են իրենց ունակություններին համապատախան զբաղմունք` հարմար աշխատանք, և հաղթահարել են գործազրկությունը:

Մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին: Բնականաբար, երկրի տնտեսության զարգացմանը զուգահեռ մենք կունենանք զբաղվածության ավելի լավ ցուցանիշներ և հարմար աշխատանք գտնելը կլինի առավել դյուրին, իսկ տարեցտարի ավելի մեծ թվով մարդիկ մայիսի մեկը կընկալեն որպես իրենց` աշխատավորի վաստակած տոն:

Այսօր` Աշխատանքի օրվա կապակցությամբ, ես բոլորին մաղթում եմ հաջողություն իրենց ստեղծագործ ու նորարար նախաձեռնություններում, աշխատավորներին` նորանոր ձեռքբերումներ, իսկ մեր հայրենիքին` խաղաղություն և առաջընթաց: