ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հուլիսի 6-ին քննարկվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հասցեականության բարձրացման խնդիրները:
Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով քննարկման թեման, նշել է, որ այն սոցիալական պաշտպանության ոլորտի կարևորագույն ծրագրերից մեկն է: «1999թ. ներդրված համակարգը պետք է ավելի կատարելագործվի, պետք է բարձրացվի համակարգի հասցեականությունն ու արդյունավետությունը և համապատասխանեցվի ներկայիս սոցիալ-տնտեսական իրողություններին»,- նշել է նախարարը և հավելել, որ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ստեղծվել է օղակ, որն այսուհետ զբաղվելու է տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների վերլուծությամբ և ուսումնասիրությամբ:
Նախարարը նաև անդրադարձել է վերջին տարիներին նպաստների համակարգում կատարված բանաձևերի, գործակիցների փոփոխություններին և վստահություն հայտնել, որ այդ խնդիրները համալիր լուծման արդյունքում ցանկալի արդյունք կտան:
Հանդիպման ընթացքում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրած «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի գնահատման զեկույցը, որի նպատակը պետական բյուջետային ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացումն է և համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, ներկայացվել է Հայաստանում աղքատության և առողջապահական պատկերը, նպաստառուների կենցաղային պայմանները, եկամուտներն ու ծախսերը, ներկայացվել են նաև առաջարկություններ:
Նախարար Արտեմ Ասատրյանը գնահատելով կատարված հետազոտությունը` նշել է, որ բարձրացված խնդիրների հիմնական մասին նախարարությունը թեև ծանոթ է, սակայն անկախ գնահատումը ևս օգտակար կլինի համակարգի հետագա փոփոխությունների համար:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև ընտանեկան նպաստ համակարգի հասցեականության հետագա բարձրացման շրջանակներում զբաղածության պետական աջակցության դերի հետևողական բարձրացման վրա:
Մասնավորապես՝ առանձնակի կարևորվել է արդեն իսկ ներդրված այն մոտեցման զարգացման օբյեկտիվ անհրաժեշտությունը, ըստ որի՝ աշխատանքային տարիքի աշխատունակ անդամ ունեցող կարիքավոր ընտանիքների համար նպաստի նշանակումը և դրա չափը պետք է առավելապես պայմանավորված լինեն զբաղվածության պետական ծրագրերի միջոցով այդ անձանց զբաղվածության ապահովման առկա հնարավորություններով, ինչպես նաև հարմար աշխատանքի առաջարկի դեպքում՝ նրանց աշխատելու պատրաստակամությամբ:
Այնուհետև, ներկայացվել են սոցիալական աջակցության ծրագրերի տրամադրման գործընթացի ներդաշնակեցման հարցերը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ընտանիքների անապահովության վիճակագրական գնահատման բաժնի կողմից կատարված աշխատանքները: Քննարկվել են «բացակա» և «հարգելի բացակա» անդամ ունեցող ընտանիքների ուսումնասիրությունների արդյունքները և ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ամփոփելով քննարկումը՝ նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մասնակցության և կատարված աշխատանքների համար և հանձնարարել տասնօրյա ժամկետում բարձրացված հարցերը և հնչած առաջարկությունները ի մի բերել և նախանշել առաջիկա անելիքները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիուտի, «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ: