Հունիսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մոտ կայացել է խորհրդակցություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ռետրոսպեկտիվ փորձարկման արդյունքների վերլուծությունը, առաջարկվող մոդելի առավելություններն ու դժվարությունները` հաշմանդամության սահմանման համար որոշում կայացնելու հարցում, պրոսպեկտիվ փորձարկման ուղղությամբ նախատեսված հաջորդ քայլերը:
Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է հաշմանդամության խումբ սահմանող նոր մոդելի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես աշխատանքյաին խմբի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքը. «Այս ձևաչափով աշխատանքները իրականացնելու դեպքում, վստահ եմ, որ տարեվերջին կունենանք սկզբունքային պատկերացում այս նոր համակարգի վերաբերյալ»: Նախարարը ընդգծել է նաև, որ նոր մոդելի ներդրումը մեխանիկական մոտեցումից անցում է մարդու կարիքի գնահատմանը, որին պետք է հաջորդի համապատասխան ծառայությունների տրամադրումը:
Քննարկման ավարտին աշխատանքային խմբի անդամներին նախարարը տվել է հանձնարարականներ, մասնավորապես՝ նոր մոտեցումները կառուցել բացառապես անձի կարիքի գնահատման հենքի վրա և կարևորելով ՖՄԴ բոլոր չորս դասակարգիչների (օրգանզմի ֆունկցիայի, մարմնի կառուցվածք, գործունեություն(մասնակցություն), միջավայրային գործոններ/ փոխկապակցվածությունը և ազդեցությունը հաշմանդամության սահմանման վրա, աշխատանքներ տանել հավաքագրված տեղեկատվությունը արդյունավետ համադրելու և կիրառելու ուղղությամբ, քննարկել ՀՀ առողջապահության նախարարության հետ զուգահեռ նոր մոդելը ներդնելու հնարավորության հարցը, մասնավորապես էլեկտրոնային բազաներով տեղեկատվության փոխանակության առումով, ռետրոսպեկտիվ փորձարկման ժամանակ վեր հանված խնդիրները և ձեռք բերած փորձը օգտագործել պատրաստվել պրոպեկտիվ փորձարկման արդյունավետ կազմակերպմանը:
Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, աշխատակազմի հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, ՄԱԿ ԶԳ, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, աշխատանքային խմբի անդամներ: