ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը մաղթել է հաջողություններ և արգասաբեր աշխատանք, միաժամանակ հույս հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությունը արդյունավետ և շարունակական կլինի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքերի հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի հետ կապված խնդիրները:
Այնուհետև նախարարը ներկայացրել է զբաղվածության ոլորտի քաղաքականությունը, զբաղվածության ակտիվ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել աշխատաշուկայում առկա վիճակին՝ ընդգծելով, որ տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ. «Ունենք կառուցվածքային գործազրկության խնդիր, երբ նախկինում այլ մասնագիտություններ էին պահանջված, իսկ այժմ՝ բոլորովին այլ: Այս առումով կարևորում եմ Զբաղվածության պետական գործակալության և Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի դերը, որպեսզի կարողանանք մեր աշխատաշուկայում անմրցունակ անձանց կարողություններն ու հմտությունները համապատասխանեցնենք այսօրվա աշխատաշուկայի պահանջներին»,-նշել է նախարարը:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել է նաև Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքից: Այս համատեքստում նախարարը հայտնել է, որ ներկայումս իրազեկման աշխատանքներ են իրականացվում՝ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցներին ուղղորդել դեպի իրենց անհատական հաշիվներ, որպեսզի հենց իրենք տեղեկանան և վերահսկեն իրենց հաշիվները:
Հանդիպմանը քննարկվել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական համակարգերի ներդրման գործընթացը, իրականացվող աշխատանքները և այդ ոլորտում հնարավոր համագործակցությունը և այլ հարցեր: