«2015թ. օգոստոսի 1-ից 105 հազար անապահով ընտանիքներին տրվող նպաստի չափը կավելանա 2000 դրամով, որը հնարավորինս կհատուցի այդ ընտանիքների էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը՝ տարեկան կտրվածքով՝ 24 000 դրամի չափով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Նա նաև նշեց, որ սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է համահունչ լինեն մեր սոցիալ-տնտեսական իրավիճակին և ունեցած հնարավորություններին։ «Որևէ քաղաքացի չի կարող չհամաձայնել այն մոտեցումների հետ, որ դրված են այս որոշման հիմքում: Այսինքն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցությունը ամբողջ հասարակության խնդիրն է, և բնականաբար, դա իրականացվելու է պետբյուջեի հաշվին համապատասխան ծրագրերի միջոցով»,– ասաց նախարարը:
Այսպիսով՝ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու նպատակով բարձրացվում են.
1.Ընտանեկան նպաստի բազային մասը՝ 2000 դրամով
2.Սոցիալական նպաստը՝ 2000 դրամով
3.Եռամսյակային հրատապ օգնությունը՝ 2000 դրամով
Արդյունքում, նպաստների միջին չափը կբարձրանա 2000 դրամով. 30 350 դրամից դառնալով 32 350 դրամ, որի համար 2015թ. 5 ամիսների համար (օգոստոս-դեկտեմբեր) նշված չափով նպատի վճարումների համար անհրաժեշտ է շուրջ 1. 050 մլդր դրամ:
Հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու արդյունքում յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը, միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված, կկազմի շուրջ 1400 ՀՀ դրամ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք միջինում ամսական փաստացի սպառում է 200 կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Հարկ է նշել, որ հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է նաև նվազագույն աշխատավարձի չափը՝ 50 000 դրամից դառնալով 55 000 դրամ: