ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը հունիսի 11-15-ը մասնակցել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին և «Ճանաչիր Հայաստանը» խորագրով ֆորումին:
Փարիզում կազմակերպված Աշխատանքի տոնվաճառի նպատակը Հայաստանում գործող մասնավոր կազմակերպությունների համար համապատասխան կրթությամբ և մասնագիտական հմտություններով հայազգի մասնագետների ներգրավումն է, ովքեր պատրաստ են վերադառնալ և աշխատել հայրենիքում:
Հայաստանի տնտեսության համար գերակա նշանակություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների, գինեգործության ոլորտի, բանկային համակարգի, ինչպես նաև խորհրդատվական ընկերություններ ներկայացնող 12 գործատուներ, ովքեր հայաստանյան աշխատաշուկայում մասնագետներ գտնելու հարցում լուրջ դժվարություններ են ունենում, տոնավաճառում ներկայացրել են շուրջ 40 թափուր աշխատատեղ:
Տոնավաճառ այցելել են շուրջ 150 ֆրանսիաբնակ հայ մասնագետներ, ովքեր հետաքրքրված էին Հայաստանում աշխատելու հեռանկարով:
Տոնավաճառն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլում գործատուների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կազմակերպությունը և թափուր աշխատատեղերը, որի ընթացքում մասնակիցների միջև ծավալվել է ակտիվ երկխոսություն, մասնավորապես Հայաստանի բիզնես միջավայրի, մրցակցային դաշտի, կրթական հնարավորությունների վերաբերյալ:
Երկրորդ փուլում գործատուն և աշխատանք փնտրողը հնարավորություն են ունեցել հանդիպել նախատեսված առանձին տաղավարներում, որտեղ ավելի մանրամասն քննարկվել են թափուր աշխատատեղերի պայմանները, անցկացվել են հարցազրույցներ աշխատանք փնտրողների հետ:
Աշխատանքի տոնավաճառի իրականացմանն աջակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը: