ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

0
137

Հարգելի գործընկերներ,

 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Այս օրն իսկապես լավ առիթ է անդրադառնալու ժամանակակից հասարակության կյանքում սոցիալական աշխատողի ունեցած բարձր դերին ու կարևոր առաքելությանը:

 

Ասում են՝ նույնիսկ մի լավ բառն էլ կարող է ամոքել ու բուժել: Հաճախ սոցիալական աշխատողներից հենց այդ են ակնկալում մեր հասարակության մեջ ապրող բազմաթիվ միայնակ տարեցներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձիք:

 

Անկախ այն բանից, թե որքան արագ են զարգանում տեխնոլոգիաները, աշխարհում որքան տարաբնույթ փոփոխություններ են տեղի ունենում՝  մարդու առաջնային պահանջմունքները եղել և մնում են կարեկցանքի զգացումը, հոգատարությունը, խնամքը և պարզապես անկեղծ շփումը: Հենց այս որակներն են բնորոշ բանիմաց և հոգատար սոցիալական աշխատողին:

 

Այսօր մեր կառավարությունը որդեգրել է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղին. դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, անելիքները շատ են: Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք կարիքավոր մարդկանց մատուցվող սոցիալական աջակցության ծառայությունների արդյունավետությունը, որակն ու մատչելիությունը բարձրացնելու ուղղությամբ:

 

Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցներին, ոլորտի վետերաններին, ովքեր իրենց հարուստ կենսափորձը, գիտելիքներն ու հմտությունները փոխանցում են երիտասարդ մասնագետներին՝ այդկերպ շարունակելով իրենց կարևորագույն առաքելությունը:

 

Հարգելի սոցիալական աշխատողներ, ցանկանում եմ, որ երբևէ չկորցնեք հավատը Ձեր կարևոր աշխատանքի նկատմամբ, Ձեր կարիքը ունեցող մարդկանց նկատմամբ պահպանեք   գթասրտությունն ու հոգատարությունը: Ձեզ մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ, լավատեսություն և մաղթում եմ, որ հաճախ լսեք անկեղծ երախտագիտության խոսքեր այն մարդկանցից,  ում օգնում եք: