Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը

0
164

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով իրականացվող ծախսային ծրագրերը:

 

2016թ. պետական բյուջեի նախագծի Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվել են շուրջ 405.4 միլիարդ դրամ, որը կազմում է բյուջեի ընդհանուր ծախսերի 29.5%-ը (2015թ.` 390.5 միլիարդ դրամ` ընդհանուր ծախսերի 29.0%-ը), կամ 2015թ. բյուջեի նկատմամբ ավելացել է 14.9 միլիարդ դրամով: Ավելացումները հիմնականում պայմանավորված են զինվորականների կենսաթոշակների, մայրության նպաստի, կուտակային վճարների  ավելացման հանգամանքներով:

2016թ. նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով իրականացվելու են Սոցիալական պաշտպանության ոլորտի 88 ծախսային ծրագրեր, որոնցով նախատեսված միջոցները կազմում են 365.0 միլիարդ դրամ կամ ոլորտով նախատեսված ծախսերի 90.%-ը (2015թ.` 359.2 միլիարդ դրամ` ընդհանուր ծախսերի 91.9%-ը), կամ 2015թ. բյուջեի նկատմամբ ավելացել է 5.8 միլիարդ դրամով:

Թվային հիմնական ցուցանիշները ներկայացվեցին պարոն Սաֆարյանի կողմից, այդ պատճառով Ձեր ուշադրությանը կներկայացնեմ հասարակական հնչեղություն ունեցող ծրագրերով նախատեսված որոշ ցուցանիշներ:

 

Կենսաթոշակային ապահովության ենթաոլորտ

 

2016 թվականին նախատեսվում է պահպանել 2015 թվականին նախատեսված կենսաթոշակի հիմնական չափը` աշխատանքային կենսաթոշակ ստացողների համար` կենսաթոշակի հիմնական չափը` 16,000 դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը մինչև 10 տարվա ստաժ ունեցողների համար` 800 դրամ, իսկ 10 տարուց ավելի ստաժ ունեցողների համար` 500 դրամ, սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների համար` կենսաթոշակի հիմնական չափը` 16,000 դրամ և զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1,500 դրամ, ՀՀ օրենքով նշանակված կենսաթոշակ ստացողների համար` կենսա­թոշակի հիմնական չափը` 14,000 դրամ և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը` 5,000 դրամ:

2016 թվականի համար ենթաոլորտի շահառուների թիվը կանխատեսվում է 488,145 մարդ, որից աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կկազմի 456,960 մարդ, կենսաթոշակ ստացող սպայական անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների թիվը կանխատեսվում է 28,363 մարդ, կենսաթոշակ ստացող շարքային զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների թիվը` 2,197 մարդ, որպես պետական պաշտոն զբաղեցրած անձ կենսաթոշակ ստացողների թիվը` 625 մարդ:

Այսպիսով, սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված ծախսերի  մոտ 63%-ը կամ 250,237.6 մլն. դրամն ուղղվելու է կենսաթոշակների վճարմանը, այդ թվում`  աշխատանքային կենսաթոշակների համար` 223,769.5 մլն դրամ, սպայական անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակների համար` 23,089.1 մլն դրամ, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակներ` 655.1 մլն դրամ, որպես պետական պաշտոն զբաղեցրած անձ նշանակված կենսաթոշակների համար` 724.0 մլն դրամ:

Արդյունքում, 2016 թվականին.

  • աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 40,808 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 456,960,
  • սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 67,838 դրամ, կենսաթոշակառուների թիվը` 28,363,
  • շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 24,847 դրամ, կենսաթոշակառուների թիվը` 2,197,
  • որպես պետական պաշտոն զբաղեցրած անձ նշանակված կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 363,199, կենսաթոշակառուների թիվը` 625:

 

Սոցիալական աջակցության ենթաոլորտ

 

2016թ. նախարարության համար շարունակում է գերակա խնդիր մնալ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որի նպատակով հիմնական օրենքների ընդունումից հետո` «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, մշակվելու են ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր, որոնցով ապահովվելու են սոցիալական աջակցության իրավունքի իրականացման բիզնես գործընթացները:

Միաժամանակ շարունակվելու են համալիր սոցիալական կենտրոնների տեխնիկական և գույքային վերազինման, վերանորոգման աշխատանքները, գործարկվելու է տեղեկատվության ինքնաշխատ փոխանակության միասնական համակարգը, ինչն էապես կբարձրացնի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող պետական նպաստների և համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման հասցեականությունը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումով ՀՀ-ում ընտանիքի անապահովության միավորի հիման վրա նշանակվելու են տարբեր նպաստներ` ընտանեկան նպաստ` երեխա խնամող աղքատ ընտանիքին, սոցիալական նպաստ` միայն չափահաս անդամներ ունեցող աղքատ ընտանիքին և հրատապ օգնություն: 2015թ. ընտանեկան նպաստ և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը կկազմի շուրջ 104 685 (2015թ. անցած ժամանակահատվածում նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմել է շուրջ 105265), սակայն անապահովության գնահատման կարգում կատարված փոփոխությունների արդյունքում ընտանիքների թիվը ունի նվազման միտում:

– 2016թ.նախատեսվել է  երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրել շուրջ 43799 ընտանիքի, որից երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան համար` 6930, իսկ հինգերորդ և հաջորդող երեխաների թիվը` 350: Ծրագրի շրջանակում շարունակվում է իրականացվել ընտանեկան դրամագլխի տրամադրման ենթածրագիր` ընտանիքում ծնված 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի չափը 50.0 հազ. դրամ է, 3-րդ և 4-րդ երեխայի համար` 1 մլն դրամ, որից 500 հազար դրամն անկախիկ փոխանցվելու է այդ երեխայի անունով բանկային հաշվին, 5-րդ և հաջորդող յուրաքանչյուր երեխայի երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող նպաստի  համապատասխանաբար 500 հազար դրամ և 1 մլն դրամ:

– 2016 թվականից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին: Այս դեպքում շահառուների թիվը կանխատեսվել է 30000, իսկ համապատասխան բյուջետային ծախսը` 3.8 մլրդ դրամ:

-Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագրով նախատեսվել է 2.8 մլրդ դրամ` ենթադրելով. որ շահառուների միջին ամսական թիվը կկազմի 13000 (2015թ. 11200 նպաստառու): Անփոփոխ է մնալու նպաստի չափը` 18 հազար դրամ:

 

– Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների գծով 2016 թվականի համար նախատեսվել է 14,108,5 մլն դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսվել է 65766:

– շարունակվելու է զոհված` Հայաստանի ազգային 9 հերոսների ընտանիքներին` ամսական 250.0 հազ. դրամ, 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգևատրված 34 անձանց ընտանիքներին` ամսական 150.0 հազ. դրամ և 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգևատրված 54 անձանց ընտանիքներին` ամսական 100 հազար դրամ նպաստների տրամադրումը:

– շարունակվելու է նաև ավանդի դիմաց փոխհատուցման ծրագրերի իրականացումը: 2015թ.-ին այն իրականացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված տարեց և ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած ավանդատուների համար, ինչպես նաև իրավունք ունեն մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունե­ցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում  հաշվառված անձինք:

2016թ. շարունակվելու է այդ ծրագիրը, ընդ որում նույն պայմաններով ավանդի փոխհատուցման իրավունք կարող են ունենալ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, անկախ նրանց ընտանիքի սոցիալապես անապահով լինելու հանգամանքից:

 

Աշխատանքի և զբաղվածության պետական կարգավորման ենթաոլորտ

 

Աշխատանքի և զբավածության պետական կարգավորման բնագավառում շարունակվելու են բարեփոխումները` ոլորտի 2013-2018թթ. ռազմավարությանը և պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերին համապատասխան:

Մասնավորապես, 2016թ. նախատեսվում են`

  • զբաղվածության պետական քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ և տեղեկատվական կարողությունների և հիմքերի հետևողական զարգացման շարունակակնության ապահովում,
  • 2015թ. նախաձեռնված ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված կարգավորումների ամբողջական կիրարկման ապահովում,
  • պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգի կատարելագործում` այդ քաղաքականության հիմքում դրված սկզբունքներին համապատասխան,
  • սոցիալական գործընկերության զարգացում և խորացում բոլոր մակարդակներում:

2016թ. զբաղվածության ակտիվ քաղաքականության իրականացման համար թիրախավորված են հետևյալ հիմնական ցուցանիշները`

  1. ծրագրերում ներառված հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման ցուցանիշի առնվազն 50%-ով աճ` նախորդ տարվա համեմատ,
  2. զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված երիտասարդների առնվազն 18%-ի աշխատանքի տեղավորում,
  3. ծրագրերի արդյունքում կայուն զբաղվածության գործակցի ապահովում` առնվազն 26.5%, իսկ աճը նախորդ տարվա համեմատ` 2.8%-ային կետով,
  4. գործատուներից ստացված և հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թվի առնվազն 10%-ով աճ` նախորդ տարվա համեմատ,
  5. տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի առնվազն 5%-ով աճ` նախորդ տարվա համեմատ:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց  ենթաոլորտ

 

2016 թվականին հաշմանդամության ոլորտում իրականացվող  միջոցառումներն ուղղված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմաններ ստեղծելու միջոցով նրանց սոցիալական ներառումն ապահովելուն: Աշխատանքներ են իրականացվելու հաշմանդամության սահմանման նոր` անձի բազմակողմանի գնահատման` ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված  հաշմանդամության սահմանման չափորոշիչների մշակման  ուղղությամբ:

Իրականացվող ծրագրերը միտված են հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական և սոցիալական վերականգնմանը:

Նախատեսվել է՝

– գալիք բյուջետային տարում հաշմանդամություն ունեցող անձանց  հատկացնել  13880  պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա, այդ թվում՝ 80 ձայնաստեղծ սարք, 200 աչքի պրոթեզ,

– հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել 450 հաշմանդամի սայլակ,  հաշմանդամություն ունեցող անձանց և   տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց՝   ԱՊՀ երկրների  արտադրության 1100 լսողական սարք, 12-18 տարեկան երեխաներին և մինչև 30 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց՝ հավաստագրերի միջոցով տրամադրել եվրոպական արտադրության 200 հատ լսողական սարք, մինչև 12 տարեկան 200  երեխայի լսողական սարքի ներդիր՝ 400 հատ,

– ուշ տարիքում տեսողությունը կորցրած հաշմանդամություն ունեցող անձանց  համար բրայլյան տառատեսակով տպագրել առնվազն 8 անուն գիրք՝ յուրաքանչյուրը 10 օրինակից, ՀԿՄ օրգան ամենամսյա «Բյուլետեն» յուրաքանչյուր ամիս 80 օրինակ,  պատրաստել  320 հատ բրայլյան տետր,  ձայնագրել 10 օրինակ «Խոսող գիրք»՝ 1600 ժամ տևողությամբ,

– բժշկասոցիալական վերականգնման հիվանդանոցային ծառայություններ մատուցել 500 հաշմանդամութուն ունեցող անձի և  հոգեկան առողջության վերականգնման հիվանդանոցային ծառայություններ՝ 318 անձի,

– պետական աջակցություն ցուցաբերել /աշխատողների աշխատավարձերի փոփոխհատուցում/ «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնին՝ մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ դեռահասների և երիտասարդների  ցերեկային  խնամքի  սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու համար,

— պետական աջակցություն ցուցաբերել /աշխատողների աշխատավարձերի փոփոխհատուցում/ «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը՝ ցերեկային կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:

 

Տարեցների ենթաոլորտ

 

2016թ. կշարունակվեն իրականացվել «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով» և «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման 2013-2017թթ միջոցառումների ծրագրով» 2016 թվականի համար նախատեսված միջոցառումները:  2016թ-ին կշարունակվի  «Տարեցներին   սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների գործողությունների ծրագրի» իրականացումը:

Նախատեսվել է համակարգի տարեցների 5 տուն-ինտերնատներում 795 աշխատակիցների միջոցով իրականացնել 1210 անձանց շուրջօրյա խնամք: Միջին հաշվով մեկ խնամվողի համար օրական նախատեսվել է 4950,1 դրամ, որից սննդի համար` օրական 1300 դրամ: Մեկ աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմելու է 123.2 հազ. դրամ:

117 աշխատակիցների միջոցով Երևան քաղաքում տնային պայմաններում սոցիալական ծառայություններ են մատուցվելու 1500 միայնակ տարեցների: Միջին հաշվով մեկ սպասարկվողի համար օրական նախատեսվել է 261 դրամ: Մեկ աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմելու է 90.3 հազ. դրամ:

Շարունակվելու է հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը այս ենթաոլորտում: Բյուջեից համաֆինանսավորման սկզբունքով հիմնականում աշխատավարձ տրամադրելով “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ին` 7 մարզերում  213 աշխատողների կողմից միայնակ տարեցներին ու հաշմանդամներին տնային պայմաններում և ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկման ծառայություններ են մատուցվելու 4200 շահառուների և շաբաթվա աշխատանքային օրերին մեկ անգամ 30 ճաշարանների միջոցով սնունդ կտրամադրվի սոցիալապես անապահով 1748 տարեցների: “Վանաձորի տարեցների տուն” հիմնադրամի միջոցով կիրականացվի 55 տարեցների շուրջօրյա խնամք, Երևանում “Փրկություն” ՀԿ-ի միջոցով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցերեկային ծառայություններ կմատուցվեն 50 շահառուի, “Հանս Քրիստիան Կոֆոեդ” հիմնադրամում շուրջօրյա խնամք կտրամադրվի 100 անօթևան անձանց:

 

        Ընտանիքի կանանց և երեխաների ենթաոլորտ

 

Հայաստանի Հանրապետությունում երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական նպատակը երեխաների սոցիալական պաշտպանությունն ու հասարակության մեջ նրանց ինտեգրումն է:

Վերջին տարիներին ոլորտում իրակացվող բարեփոխումների արդյունքում կյանքի են կոչվել երեխաների ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները` երեխաների իրավունքների պաշտպանության միասնական համակարգի ստեղծումը, մանկատներում  և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցումը և այդ հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելումը,  ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բարելավման գործընթացը:

2016 թվականի երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների գաղափարախոսությունը պայմանավորված է երեխաների խնամքի ու պաշտպանության շուրջօրյա հաստատությունների, մասնավորապես երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների բեռնաթափման քաղաքականության իրականացման,  ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կարիքների բավարարմանն ուղղված համայնքային ծառայությունների համակարգի զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի տարբեր տիպի հաստատությունները երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ավելի գործուն մարմիններ դարձնելու հրամայականով:

2016 թվականին նախատեսվել է համակարգի 6 մանկատանը 811 աշխատակցի միջոցով իրականացնել 660 երեխայի շուրջօրյա խնամք, այդ թվում 420 երեխայի խնամքը մասնագիտացված մանկատներում, իսկ 240 երեխայի` ընդհանուր տիպի մանկատներում:

Միջին հաշվով մեկ խնամվողի համար օրական նախատեսվել է 8,615 հազ. դրամ, այդ թվում սնունդի համար` միջին օրական 1300 դրամ: Մեկ աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմելու է 160,728 հազ. դրամ (եկամտային հարկը ներառյալ):

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, որպես բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, իրականացնում են սոցիալապես անապահով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների դպրոցահասակ երեխաների խնամքը և դաստիարակությունը` միաժամանակ պահպանելով ընտանիք-երեխա կապը:

2016 թվականին Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները 602 աշխատակցի միջոցով կապահովեն սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ  730 երեխայի խնամքն ու դաստիարակությունը:

Միջին հաշվով մեկ խնամվողի համար օրական նախատեսվել է 5,500 դրամ, այդ թվում սնունդի համար` միջին օրական 1300 դրամ: Մեկ աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմելու է  94,8 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության Կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական գաղափարախոսությունը երեխայի խնամքն ու դաստիարակությունը ընտանիքում ապահովելն է` մանկատներում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման և այդ հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելման միջոցով: Նախատեսվում է ընդլայնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մասնավորապես առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամ երեխաներին տրամադրվող  անվճար և համայնքային ֆինանսավորման աջակցությամբ սոցիալական ծառայությունները՝ պահպանելով և զարգացնելով ներկայում հանրապետությունում գործող տարբեր կազմակերպությունների կողմից երեխաներին անվճար հիմունքներով տրամադրվող՝ պետության կողմից երաշխավորված սոցիալական ծառայությունների համակարգը: Դրան զուգահեռ նախատեսվում է զարգացնել երեխաներին տրամադրվող վճարովի և համավճարով ծառայությունները, որոնք պետք է տրամադրվեն ծնողների վճարունակության աստիճանի հիման վրա: Այդ նպատակով նախատեսվում է մշակվել վճարունակության գնահատման չափորոշիչներ:

Այդ քաղաքականությանն է նպատակաուղղված Երեխաների խնամքի ցերեկային հաստատությունների գործունեությունը, որոնք իրականացնում են 6-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալհոգեբանական, կրթական և դաստիարակչական աշխատանքները: 2016 թվականին երեխաների խնամքի ցերեկային հաստատություններում 150 աշխատակցի միջոցով ծառայություններ կմատուցվեն 300 երեխայի:

Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև նրանց խնամքը խնամատար ընտանիքներում կազմակերպելու նպատակով 2008 թվականից ՀՀ պետական բյուջեով իրականացվում է «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման» ծրագիրը, որի շրջանակում 2016 թվականին առանց ծնողական խնամքի մնացած 25 երեխայի կխնամք կտրամադրվի խնամատար ընտանիքներում: Ինչպես նաև մանկատների և երեխաներ խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների բեռնաթափման և այդ հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման նպատակով ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերում իրականացվող ծրագրի շրջանակում  կենսաբանական ընտանիք կվերադառնա 40 երեխա, իսկ 60 երեխայի մուտքը` հաստատություններ կկանխարգելվի:

 

Ժողովրդագրության բնագավառում

 

«Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշման շրջանակներում 2016 թվականին կիրականացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են լինելու ծնունդների խրախուսմանը, վաղաժամ մահացությունների թվաքանակի նվազեցմանը, բնակչության ծերացման հետևանքների մեղմացմանը, բնակչության առողջության և, հատկապես, վերարտադրողական առողջության բարելավմանը, նախադպրոցական ծառայությունների ընդլայնմանը:

Միաժամանակ, 2016 թվականին կիրականացվեն միջոցառումներ` ուղղված բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանով ապահովման պետական նպատակային ծրագրի (սոցիալական բնակարանային ֆոնդի) ներդրմանը, ինչպես նաև տարիքային տարբեր խմբերին պատկանող հղի կամ մայրացած կանանց աջակցությանը:

Բացի այդ, երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման նպատակով զուգահեռաբար կշարունակվի երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման առկա նպատակային ծրագրի իրականացումը` դրա հետագա բարելավման միջոցով հասնելով ծրագրում երիտասարդ ընտանիքների ընդգրկվածության շոշափելի աճի` ձեռքբերվող բնակարանի արժեքի, երիտասարդ ընտանիքի տարիքային սահմանափակումների վերանայման միջոցով:

Ժողովրդագրական իրավիճակի կայունացման և բացասական միտումների մեղմման նպատակով իրականացվող ծրագրային միջոցառումները կուղեկցվեն ժողովրդագրական քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներով: