ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 1-ի հերթական նիստին ներկայացրել է «Զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին», «Երեխայի իրավունքների պաշտպանության 2016թ. տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016թ. տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծերը:
Զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագրում ներառված են 13 զբաղվածության պետական կարգավորման ակտիվ ծրագիր, որոնցից 2-ը նոր փորձարկվող ծրագրեր են`
· Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման 30 ծրագիր,
· Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագիր` 50 շահառուի համար:
Ծրագրին ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ 326 մլն ՀՀ դրամ: Արդյունքում, աշխատանքի տեղավորվածների ընդհանուր թիվը կկազմի` 12209 անձ: Ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման 3217 ծրագիր:
Երեխայի իրավունքների պաշտպանության 2016թ. տարեկան ծրագրի նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների շրջանակների ընդլայնումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, ինչպես նաև կրթության համակարգի շարունակական զարգացումը, առողջապահության ոլորտի որակյալ և մատչելի ծառայությունների տրամադրումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016թ. տարեկան ծրագիրը ներառում է տվյալ տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանն ու նրանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ու հավասար հնարավորությունների ստեղծմանը, նրանց վերականգնմանն ուղղված միջոցառումները, նախատեսված աշխատանքների ծավալները, իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2016թ. համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 11 հիմնական ուղղություններով:
2016թ. տարեկան ծրագրերն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը: