Սեպտեմբերի 30-ին ՀՀ զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքի հերթական տոնավաճառը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որին մասնակցել է շուրջ 30 գործատու՝ ներկայացնելով 140 թափուր աշխատատեղ:
Տոնավաճառի ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել հանդիպել մի շարք գործատուների հետ, ծանոթացել նրանց կողմից ներկայացված աշխատատեղերին և պահանջներին, ինչպես նաև մարզի աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության պետական աջակցության ծրագրերին:
Կոտայքի մարզում 2015թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 8648 մարդ, իսկ Աբովյանի տարածաշրջանում` 2975 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 21.4%-ով (6795 մարդ), Աբովյանում` 17.6%-ով (2449 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.9%-ը կամ 7259 մարդ, Աբովյանում` 90.7% կամ 2699 մարդ: Այս ցուցանիշը մարզում նախորդ տարվա նուjն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.7%-ով (6496 մարդ), Աբովյանում՝ 17.3%-ով (2300 մարդ):
Մարզում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.1%-ը կամ 5089 մարդ, Աբովյանում` 67.7%-ը կամ 1826 մարդ: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում, մանկավարժները, բժիշկները, օպերատորները, բուժքույրերը, տնտեսագետները, ֆինանսիստները, հաշվապահները, վարորդները, վաճառողները, սննդի տեխնոլոգները, կարողները և այլն:
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը մարզում կազմում է գործազուրկների 92.4%-ը կամ 6709 մարդ, Աբովյանում` 32%:
Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 739 աշխատանք փնտրող, որից աշխատաշուկայում անմրցունակ անձ է 639-ը և Աբովյանում` 213 աշխատանք փնտրող, որից 179-ը՝ անմրցունակ անձ: