Երեխան ամբողջապես պաշտպանված և լիարժեք կարող է զգալ միայն ընտանիքում. Ա. Ասատրյան

0
116

«Երեխաների խնամքը առաջին հերթին պետք է լինի ընտանիքում կամ միայն ընտանիքում: Որքան էլ պետությունը միջոցներ է ծախսում շուջօրյա խնամքի հաստատություններում  երեխաների խնամքը կազմակերպելու համար, միևնույն է, երեխան իրեն ամբողջապես պաշտպանված և լիարժեք կարող է զգալ միայն ընտանիքում, դա կլինի կենսաբանական թե խնամակալի ընտանիք,»,- ընդգծեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «ՀՀ երեխաների պաշտպանության ոլորտում կանխարգելման և վաղ միջամտության ծառայությունների անհրաժեշտություննն ու կարևորությունը»  թեմայով կլոր-սեղան քննարկմանը:

Նախարարի խոսքով երեխայի մուտքը հաստատություն կանխարգելող լավագույն միջոցը այլընտրանքային սոցիալական ծառայությունների տրամադրումն է՝  ցերեկային,  սոցիալ-վերականգնողական կենտրոնների ձևավորումը և նրանց ներքո մատուցվող ծառայությունները:

Այս առումով նախարար Արտեմ Ասատրյանը կարևորեց սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը. «Սոցիալական աշխատող պետք է կարողանա կարիքի ամբողջական գնահատում իրականացնել, թե որն է պատճառը, որ տվյալ երեխան հայտնվում է շուրջօրյա խնամքի հաստատությունում:  Եթե մենք պատճառը ճիշտ ախտորոշեցինք, այդ ընտանիքին և երեխային տրամադրեցինք համապատասխան  ծառայությունները, հենց դա  կլինի  մեր կանխարգելման քաղաքականությունը»:

Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորեց նաև երեխաների պաշտպանության ոլորտում շահագրգիռ կառույցների հետ համագործակցության շրջանակներում ձեռքբերված արդյունքներն ու դրանց շարունակականությունը: «Պետք է պետական մարմիններ և  հասարակական, միջազգային կազմակերպություններ գործընկերության ֆորմատով ձևավորել այն լավագույն համակարգը, որը թույլ է տալու լրացնել բացերը և ամբողջությամբ անցնել կանխարգելման քաղաքականության ներդրմանը: Այս համատեքստում առանձնակի կարևորում եմ ձեր բոլորի կողմից համապատասխան առաջարկությունների ներկայացումը»-ամփոփեց նախարարը: